Արդեն երկու տարի է, ինչ պատմական գիտությունների դոկտոր Արսեն Հարությունյանն իր աշխատանքային խմբի հետ իրականացնում է Հայկական լեռնաշխարհում վիմագրման ավանդույթին նվիրված ծրագիրը։
Այդ շրջանակում այս տարվա աշնանը Երևանում նախատեսվում է կազմակերպել երկօրյա միջազգային գիտաժողով, որի զեկուցումներն ամփոփվելու և տպագրվելու են առանձին ժողովածուով։

Միջոցառման հյուրերը կայցելեն Հայաստանի գինու թանգարան, որտեղ կծանոթանան հայկական գինիներին և դրանց հարուստ պատմությանը։
Գինին, լինելով ծիսական գործընթացների անբաժանելի մաս, հնագույն ժամանակներից ի վեր հիշատակվում է ինչպես հեթանոսական սեպագիր արձանագրություններում, այնպես էլ քրիստոնեական շրջանի վիմագրերում։
Որպես Քրիստոսի արյան խորհրդանիշ՝ այն առանցքային տեղ է զբաղեցնում Հայ Առաքելական Եկեղեցու ծեսերում, ինչով էլ պայմանավորված՝ հավատացյալները եկեղեցուն նվիրաբերել են խաղողի այգիներ, խաղող և գինի։
Հետաքրքիր է, որ վիմագրերում գինին նախկինում կոչվել է «բաժակ» և այդպես էլ հիշատակվել է վիմագրերում։