ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հնարավոր հանրաքվեի վերաբերյալ հայտարարություններում հակասություններ և անորոշություններ կան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գալուզինի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածով վերազգային միջազգային կազմակերպություններին անդամակցելու հարցով հանրաքվեի նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի կառավարությունը։
Միաժամանակ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ 2025 թվականին «Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ հայկական կողմը պնդել է, որ դրա ընդունումը հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ օրենքը, ըստ այդ մոտեցման, քաղաքական հայտարարություն է և իրավական նշանակություն չունի։
«Այժմ, սակայն, մենք լսում ենք, որ Հայաստանում հունիսյան ընտրությունների արդյունքներն, իբր, ինքնին արդեն վկայում են եվրոպամետ կուրսի, երկրում եվրոպական նորմերի ու կանոնների հետագա ներդրման համազգային աջակցության մասին, հետևաբար՝ կրկին հանրաքվեի անհրաժեշտություն չկա»,– ասել է Գալուզինը։
Նա նաև նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը տարբեր, երբեմն իրար հակասող հայտարարություններ է արել՝ միաժամանակ ընդունելով, որ Հայաստանին ԵՄ անդամակցության հրավեր դեռ չի արվել, և երկիրը կարող է նաև երբեք չանդամակցել ԵՄ-ին։
Գալուզինի խոսքով՝ հենց այս պատճառով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները կարևոր են համարում պարզել Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը։
Նա ընդգծել է, որ խոսքը, իր ձևակերպմամբ, պետք է լինի ոչ թե վերացական հարցի՝ «ցանկանո՞ւմ եք արդյոք ԵՄ-ում լինել», այլ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ապագայում ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ կոնկրետ հարցադրման մասին։
Միևնույն ժամանակ Գալուզին անդրադարձել է նաև Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններին՝ ընդգծելով կազմակերպության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների պահպանման անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, և դրա դրույթները պետք է բարեխղճորեն կատարվեն բոլոր կողմերի, այդ թվում՝ կազմակերպության մարմինների գործունեության ֆինանսավորմանն ուղղված պարտավորությունների մասով։
«Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց, և դրա բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն դա չի դադարեցնում Հայաստանի՝ ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու պարտավորությունները»,– ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Գալուզինը նշել է, որ միջազգային կազմակերպություններում նման իրավիճակների համար նախատեսված են համապատասխան ընթացակարգեր, որոնք ամրագրված են դրանց հիմնարար փաստաթղթերում։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը նույնպես բացառություն չէ։