ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Խաղաղության հռչակագրի մեկամյակին համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով դրանք իրագործելու պատրաստակամության մասին։
«Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը՝ դրա տառին և ոգուն համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ համատեղ հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։
Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ Հայաստանը և Ադրբեջանը պահպանել են կայունությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, և երկուստեք կոնկրետ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և երկարատև կայունության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող միջոցառումների միջոցով վստահության ամրապնդման ուղղությամբ։
Ըստ նրանց՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության։
Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանում ընթանում են ինժեներական հետազոտություններ։ Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտել է ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը՝ Հայաստանի տարածքում գտնվող ԹՐԻՓՓ-ին միանալու համար։ Երեք երկրները նաև աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։
ԱՄՆ-ն խորացրել է կապերը Հայաստանի, Ադրբեջանի հետ՝ ստորագրելով նոր, երկկողմ ռազմավարական գործընկերություններն սահմանող կանոնադրություններ, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր էներգետիկ անվտանգության, սահմանային ենթակառուցվածքների և անվտանգության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության, և կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ։
Նշվում է նաև, որ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է բոլոր տարանցման սահմանափակումները Հայաստանի նկատմամբ։ Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Ադրբեջանը նաև 20,000 տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստանին։ Երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առևտրի ավելացման ուղղությամբ։
Երկու երկրների հեռահաղորդակցության օպերատորները ստորագրել են համացանցային կապի վերաբերյալ համաձայնագիր, որը կնպաստի տարածաշրջանային կապուղիների դիվերսիֆիկացմանը, Հարավային Կովկասում հուսալիության և դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև Եվրասիայի հեռահաղորդակցային ցանցերի ենթակառուցվածքների զարգացմանը։
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները լուծարվել են, Հայաստանը և Ադրբեջանը միացել են Խաղաղության խորհրդին։
«Հայաստանի և Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, և մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա»,- եզրափակել են կողմերը։
Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP տարանցիկ երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։
Հունիսին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Նախատեսվում է ստեղծել TRIPP զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։
Հայաստանն ու ԱՄՆ-ն 2026 թվականի հունվարի 14-ին հրապարակել էին նախագծի իրականացման շրջանակը, իսկ հունիսի 4-ին՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել TRIPP-ի զարգացման ընկերություն, որի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։
ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը կղեկավարի Չիկագոյում բնակվող ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը կկառավարի Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի զարգացման համար հատկացված ավելի քան 200 մլն դոլարը։
