
Սամարայի պետական բժշկական համալսարանի կլինիկայում 101-ամյա հիվանդի մոտ աշխարհում առաջին էնդոսկոպիկ վիրահատությունն են կատարել սեպաձև խոռոչի վրա։ Տղամարդը հիվանդանոց է ընդունվել անգիտակից վիճակում՝ ուժեղ գլխացավի և մարմնի ընդհանուր ցավերի մասին բողոքելուց հետո:
Զննման արդյունքում հայտնաբերվել է սֆենոիդիտ՝ սեպաձև խոռոչի բորբոքում, որը գտնվում է գանգի հիմքի կենտրոնական մասում։ Վիճակը բարդացել է երկրորդային ռինոգեն մենինգիտով՝ ուղեղաթաղանթների ծանր թարախային բորբոքումով։
«Վիրաբույժները քթի միջոցով կատարել են նվազագույն ինվազիվ էնդոսկոպիկ վիրահատություն. նրանք բացել են սինուսը, ողողել այն, հեռացրել թարախային պարունակությունը և լայնացրել բացվածքը», – հայտնել է մամուլի ծառայությունը։ Վիրահատությունը տևել է մոտ 30 րոպե։
Պրոցեդուրաների ընթացքում բժիշկներն օգտագործել են Սամարայի պետական բժշկական համալսարանում մշակված «Autoplan» վիրաբուժական նավիգացիոն համակարգը։ Այն թույլ է տալիս նախաօպերացիոն մոդելավորում և անատոմիական կառուցվածքների ավելի ճշգրիտ կողմնորոշում՝ նվազեցնելով ֆունկցիոնալ կարևոր հատվածների վնասման ռիսկը։
Վիրահատությունից հետո տղամարդը ևս մեկ շաբաթ մնացել է հիվանդանոցում՝ մասնագետների հսկողության ներքո։ Նրա վիճակը բարելավվել է, և նա դուրս գրվել տուն։ Նա շուտով կդառնա 102 տարեկան։