Քննչական կոմիտեն հայտնել է Քասախ համայնքին պատկանող հողամասերի ապօրինի օտարման գործով վեց անձի ձերբակալման մասին։ «Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում է համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը։
Քննության վարկածով՝ Մկրտչյանը, 1996–2021 թվականներին ղեկավարելով համայնքը, եղբորորդու (որը զբաղեցրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը), համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ 2016–2019 թվականներին աճուրդներ անցկացնելու վերաբերյալ կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթղթեր և ապօրինի օտարել հողամասեր։
Քննությունը պնդում է, որ այս եղանակով վաճառվել է ընդհանուր շուրջ 228 մլն դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողամաս։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, իսկ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից։
Մկրտչյանի և համայնքապետարանի նախկին ևս հինգ աշխատակցի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով։ Նրանք բոլորը ձերբակալվել են՝ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ դատարան ներկայացնելու նպատակով։
