ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կնվազեցնի Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանն ուղղված ջանքերի ինտենսիվությունը՝ նշելով, թե «ամեն ինչ միշտ լավ է ավարտվում», գրել է Independent-ը։
Ըստ լրատվականի՝ ռազմական գործողությունների դադարեցման և նեղուցի վերաբացման շուրջ բանակցությունները մտել են փակուղի, քանի որ Թեհրանը մի շարք նախապայմաններ է ներկայացրել, այդ թվում՝ ֆինանսական փոխհատուցման վճարում։
«Մենք նրանց հետ միայն մասնակիորեն ենք բանակցում։ Պարզապես հետևում ենք Իրանում տիրող հսկայական ինֆլյացիային և ֆինանսական միջոցների սղությանը»,- Axios-ի հետ զրույցի Սպիտակ տան ղեկավարի խոսքերը փոխանցել է լրատվամիջոցը։ Թրամփը ստեղծված իրավիճակը համեմատել է շախմատային խաղի հետ։
Գործընթացի դանդաղման ֆոնին Brent տեսակի նավթի գինն աճել է չորրորդ անընդմեջ առևտրային օրը՝ հասնելով 84 դոլարի։ Միևնույն ժամանակ, The Washington Post-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ն պաշտպանական ընկերություններից պահանջում է կտրուկ արագացնել սպառազինության արտադրությունը՝ հրթիռների պաշարների սպառման պատճառով։
ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողություններն Իրանի դեմ սկսել էին փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել էր լայնամասշտաբ հարվածները Իրանին՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու մեջ։
