Թեհրանն Ուկրաինայի իշխանություններին պատասխանատու է համարում իրանական նավի վրա հարձակման համար և մտադիր է Կիևից վնասի փոխհատուցում պահանջել, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ Իրանին չեն համոզել ուկրաինական կողմի հայտարարություններն այն մասին, թե հարձակումը միտումնավոր չի եղել։ Բաղային նշել է, որ Թեհրանն արդեն հստակ և վճռականորեն արտահայտել է իր դիրքորոշումը և համապատասխան հայտարարություն է տարածել։
Նա վկայակոչել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների խոստովանություններն այն մասին, որ հարձակումն իսկապես տեղի է ունեցել։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքի հաշվառմամբ ուկրաինական կողմը «պարտադիր պետք է» փոխհատուցում վճարի։
«Եթե նրանք չփոխհատուցեն, մենք ինքներս կհասնենք փոխհատուցման»,- հայտարարել է Բաղային։
Հուլիսի 25-ին Իրանը հայտնել էր Կասպից ծովում առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակման մասին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել էր։ Թեհրանը տեղի ունեցածն անվանել էր միջազգային իրավունքի խախտում, Ուկրաինային սպառնացել պատասխանով, ինչպես նաև կանչել էր Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա հանձնել։
Բաղային ավելի ուշ հայտարարել էր, որ Թեհրանը հարվածը համարում է կանխամտածված՝ չնայած Կիևի հակառակ պնդումներին, և ընդգծել, որ Իրանը մտադիր է միջոցներ ձեռնարկել Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար։ Հետագայում նա նշել էր, որ Թեհրանը հրաժարվել է Ուկրաինայում թիրախներին հարվածելու ծրագրերից՝ Կիևի ներողություն խնդրելուց հետո։
