
ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը: Նրա կենսագրությունն ԱԺ-ում ներկայացրեց ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը: Դիմելով վերջինիս՝ ընդդիմադիր Էդգար Ղազարյանը հարցրեց. «Վիլեն Գաբրիելյանը Գյումրու ավագանու ընտրությունների օրը հայտնվել էր աղմկահարույց միջադեպի մեջ, որի ժամանակ հայհոյախառն արտահայտություններ էր օգտագործում քաղաքացիների, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ: Դրանից հետո նա վայր դրեց մանդատը ու տպավորություն կար, դա ՔՊ-ի վերաբերմունքն է նրա նկատմամբ, բայց հետո նա ընտրվեց կուսակցության վարչության անդամ: Ձեր խմբակցության վերաբերմունքը՝ այդօրվա իրադարձության վերաբերյալ ու արդյո՞ք այս որոշումը չի նշանակում, որ դուք խրախուսում եք, որ ձեր շարքերում ձեր գործընկերները ցուցաբերեն նման վերաբերմունք»: Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց. «Ով՝ ով, դուք գոնե վարքագծից չպետք է խոսեք… Պարոն Վիլեն Գաբրիելյանն իր արարքի համար ներողություն է խնդրել»: