Կադրային փոփոխություններ. նոր նշանակումներ ՀՀ կառավարությունում – Նորություններ 10.08.2026

Կոլաժը` VERELQ

Կոլաժը` VERELQ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով կատարվել են մի շարք նոր կադրային նշանակումներ։ Նոր տեղակալներ են նշանակվել ՀՀ առողջապահության, շրջակա միջավայրի նախարարություններում և Քաղաքաշինության կոմիտեում։

Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Շահանե Մնացականյանը: Ունենալով բժշկագիտության բակալավրի և հանրային առողջապահության մագիստրոսի աստիճաններ՝ նա անցել է նաև հետբուհական հավաստագրման ծրագիր Հարվարդի բժշկական դպրոցում, ինչպես նաև ստացել է բժշկի դիպլոմ՝ «Համաճարակաբանություն» մասնագիտությամբ։

Մնացականյանն ունի առողջապահության ոլորտի հարուստ փորձ. զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տարբեր կլինիկաներում, համակարգել է լաբորատորիաների գիտական ծրագրեր, եղել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ազգային խորհրդատու։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակվել Հայկ Առաքելյանը: Նա առևտրային իրավունքի և շրջակա միջավայրի տեխնոլոգիաների մասնագետ է՝ բրիտանական բուհերի (Բրիստոլի համալսարան, Լոնդոնի Իմպերիալ Քոլեջ) դիպլոմներով, ինչպես նաև բլոկչեյնի և թվային ակտիվների գծով հավաստագրված մասնագետ։

Առաքելյանն աշխատել է որպես իրավախորհրդատու ՀՀ կենտրոնական բանկում, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել բանկային և ներդրումային ոլորտներում, Ernst & Young ընկերությունում խորհրդատվություն է տրամադրել ընկերություններին կլիմայի փոփոխության և կանաչ պարտատոմսերի թողարկման հարցերում:

Բացի այդ, 2026 թվականի օգոստոսի 10-ի վարչապետի որոշմամբ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնել է Վահան Միսակյանը: Նշանակումն արվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Leave a Comment