Բաքու կանանց հումանիտար այցի կազմակերպման հարցով Հայաստանի պատասխանատու գերատեսչությունից ինձ հետ դեռ կապ չեն հաստատել, հայտարարել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ի ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում «մեր հայրենակիցների անազատության մեջ գտնվելը» խորապես հուզում և անհանգստացնում է բոլորին։
«Ես լիովին կիսում եմ այդ գնահատականը և ուրախ էի կարդալ այդ խոսքերը»,- նշել է Զոնաբենդը։
Նա դրական է գնահատել նաև ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ իր հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է որոշվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել․ այսօրվա դրությամբ ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներն ինձ չեն փոխանցվել»,- հայտարարել է Զոնաբենդը։
Նա հայտնել է, որ սպասում է պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներին և հույս ունի առարկայական հանդիպում անցկացնել՝ քննարկելու Բաքու կանանց հումանիտար այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Հայաստանի քաղաքացիներին վերաբերող այլ հարցեր։
2025 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակվելուց հետո միջազգային ոչ մի կառույց չի այցելել հայ գերիներին։
Ապրիլին Վարդանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին կոչ էր արել այց կազմակերպել Բաքու՝ հայ գերիների պահման պայմաններին և առողջական վիճակին ծանոթանալու համար։ Մայիսին նա նաև դիմել էր Փաշինյանին՝ պահանջելով հստակեցնել, թե պետական որ մարմինն ու պաշտոնատար անձն են պատասխանատու Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով։
Հուլիսի 8-ին Զոնաբենդը բաց նամակով դիմել էր Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ մտադիր է Բաքու մեկնել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում։ Հուլիսին ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը հայտնել էր նաև նրանց շրջանում ծանր վնասվածքների և առողջական վիճակի վատթարացման մասին ստացված տեղեկությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք անկախ աղբյուրներից ստուգելու հնարավորություն չկա։
Հուլիսի 31-ին Զոնաբենդը կրկին դիմել էր Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ առաջարկելով կազմակերպել Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց։
Օգոստոսի 7-ին ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ պատրաստ են ԱԳՆ-ի միջոցով հանդիպում կազմակերպել նրա հետ և քննարկել բարձրացված հարցերը։ Կառավարությունից նաև նշել էին, որ արդեն կապ են հաստատել Զոնաբենդի հետ և փոխանցել համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Նրանց թվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամները դատապարտվել են 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։
