ԱՄՆ-ն մտավախություն ունի Patriot-ի տեխնոլոգիաների արտահոսքից՝ Ուկրաինային փոխանցելու դեպքում․ Telegraph

ԱՄՆ վարչակազմը մտավախություն ունի, որ Patriot հակահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիան Ուկրաինային տրամադրելու դեպքում կարող է տեղի ունենալ դրանց տեխնոլոգիաների արտահոսք։ Այս մասին, հղում…

ԱՄՆ վարչակազմը մտավախություն ունի, որ Patriot հակահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիան Ուկրաինային տրամադրելու դեպքում կարող է տեղի ունենալ դրանց տեխնոլոգիաների արտահոսք։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է բրիտանական The Telegraph-ը։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան կողմն անհրաժեշտ է համարում լրացուցիչ երաշխիքներ ստանալ Patriot համակարգերի արտադրության և շահագործման հետ կապված գաղտնի տեղեկատվության պահպանման վերաբերյալ։

The Telegraph-ը նաև նշում է, որ ԱՄՆ-ին հայտնի են դեպքեր, երբ Ուկրաինային դաշնակիցների կողմից փոխանցված զենքը հայտնվել է եվրոպական սև շուկայում։

Օգոստոսի 5-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Patriot հրթիռների մատակարարումների կրճատումը կարող է կապված լինել ոչ միայն Մերձավոր Արևելքում պատերազմի, այլև քաղաքական դրդապատճառների հետ։ Նրա խոսքով՝ դա կարող է քաղաքական քայլ լինել՝ Ուկրաինային «ավելի զիջող դարձնելու» նպատակով։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Թերները հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան խորհրդակցություններ են անցկացնում Կիևին Patriot-ի տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման շուրջ։ Թերների խոսքով՝ տեխնոլոգիաների փոխանցման հետ կապված հարցերի լուծումը «շատ, շատ դժվար է»։

Հուլիսի 29-ին Զելենսկին դիմել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով տրամադրել 300 Patriot հրթիռ։ Նա նաև հայտնել էր, որ ուկրաինական կողմը ամերիկյան պաշտպանական ընկերությունների հետ քննարկում է ուկրաինական արտադրության բալիստիկ հրթիռները ձևափոխելու և Patriot-ի հրթիռներին համադրելի բնութագրերով հակահրթիռային միջոցների վերածելու հնարավորությունը։

Հուլիսի 31-ին The Atlantic-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Թրամփն արդեն մերժել է Զելենսկու՝ ձմռան ընթացքում օգտագործելու համար Ուկրաինային Patriot հրթիռներ տրամադրելու խնդրանքը։

Leave a Comment