
Արևելյան Չինաստան հասած հզոր «Դելֆին» փոթորկի պատճառով ավելի քան 1 միլիոն մարդ է տարհանվել, հայտնում են ասիական լրատվամիջոցները։
Ամենաշատ բնակիչներ տարհանվել են Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքից։ Նրանք տեղավորվել են 1,5 հազար ապաստարաններում։
Հաղորդվում է, որ առավոտյան «Դելֆին»-ը թուլացել է և ստացել արևադարձային փոթորկի կարգավիճակ։ Մինչ այդ այն դասակարգվում էր որպես թայֆուն։ Նախօրեին, երբ փոթորիկը հասել էր Չինաստանի տարածք, քամու պոռթկումների արագությունը հասել էր ժամում 150 կմ-ի։ Միևնույն ժամանակ, տեղական իշխանությունները պահպանել են եղանակային վտանգի բարձր՝ «նարնջագույն» մակարդակը և նախազգուշացրել են մինչև չորեքշաբթի հորդառատ անձրևների վտանգի մասին, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղների։