Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցուց հերքել են խաչաձև բացվածքը վնասելու մասին տեղեկությունը։
«Սոցցանցերում տարածված պնդումը, թե վառարանի ծխատար խողովակն անցկացնելու համար վնասվել է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու միջնադարյան խաչաձև բացվածքը, չի համապատասխանում իրականությանը», հայտնել են եկեղեցուց։
Պարզաբանման համաձայն՝ լուսանկարում երևացող բացվածքն ի սկզբանե XIV դարի եկեղեցու ճարտարապետական հորինվածքի մասն է, իսկ խողովակն անցկացվել է ապակեպատ հատվածով՝ առանց պատմական քարը վնասելու։
Եկեղեցուց նաև նշել են, որ հրապարակման մեջ սխալ է ներկայացվել լուսանկարված հատվածը․ նկարում ոչ թե արևմտյան, այլ հարավային ճակատն է։ Նույն կառուցվածքային սկզբունքով պատուհանային բացվածք կա նաև եկեղեցու հյուսիսային ճակատին, որտեղ ծխատար խողովակ տեղադրված չէ։
Պարզաբանման մեջ անդրադարձ է կատարվել նաև լուսանկարում երևացող էլեկտրական լարերին։
Եկեղեցուց նշել են, որ դրանց արտաքին տեսքը կարող է տարբեր գնահատականների արժանանալ, սակայն լուսանկարը չի վկայում արձանագրության կամ պատմամշակութային տարրի քանդման, փորման, ջնջման կամ այլ ֆիզիկական վնասման մասին։
Օգոստոսի 7-ին ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Խաչատրյանը հրապարակել էր Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու լուսանկարը՝ գրելով, որ եկեղեցու «նրբահյուս խաչ-պատուհանը» վնասվել է վառարանի ծխատար խողովակ անցկացնելու համար, իսկ հին արձանագրության հատվածում էլեկտրական լարեր են անցկացվել։
Նա տեղի ունեցածն անվանել էր «մշակութային բարբարոսություն» և «վանդալիզմ»՝ պահանջելով հեռացնել խողովակն ու լարերը և վերականգնել քանդակը։
