Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երթևեկության ուղղությունների և հարակից հարցերի շուրջ Օմանի հետ ձեռք է բերվել փոխհամաձայնություն, իսկ բանակցություններն ընթանում են կառուցողական հունով։
Անդրադառնալով Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի դերին՝ խոսնակը պարզաբանել է, որ ցանկացած բանակցություն և գործընթաց իրականացվում է այդ կառույցի վերահսկողությամբ և հաստատված հրահանգներին համապատասխան։ Նա միաժամանակ հերքել է Միացյալ Նահանգների հետ ուղղակի բանակցությունների փաստը՝ նշելով, որ Վաշինգտոնի հետ ուղերձների փոխանակումն իրականացվում է միջնորդների միջոցով, իսկ հետագա քայլերը կախված կլինեն ստեղծված իրավիճակից։
Անդրադառնալով նեղուցի վերահսկողությանը՝ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից խախտված փոխհամաձայնագրի դրույթները՝ ընդգծելով, որ ըստ այդմ՝ Հորմուզի նեղուցի հետագա կառավարման, ինչպես նաև անվտանգության ապահովման, մասնավորապես՝ նավագնացության անվտանգության և ականազերծման պատասխանատվությունը վերապահված էր Իրանին։
Ըստ իրանական կողմի՝ այս հարցերը պետք է կարգավորվեն տարածաշրջանի երկու սահմանամերձ երկրների միջև, մինչդեռ իրավիճակի սրման և համաձայնագրից շեղվելու պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Միացյալ Նահանգները։
