Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվել է 9-րդ գումարման Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Քվեարկությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին՝ փակ ռեժիմով։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութունն այսօրվա նիստում հայտարարել էր, որ ՔՊ-ն անհրաժեշտ ձայներով կողմ կքվեարկի Վարդևանյանի թեկնածությանը՝ չնայած իշխող ուժի պատգամավորների հայտարարություններին, թե Վարդևանյանի և իրենց դիրորոշումները գաղափարապես տարբեր են։
Վարդևանյանը քվերակությունից առաջ իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ իր թեկնածությունն առաջադրելու, իսկ «Հայաստան» խմբակցությանը՝ աջակցության համար։ Վարդևանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում իր հասցեին հնչած քննադատություններին «կետ առ կետ» պատասխանել։
«Ատելությանը ատելությամբ չես հաղթի, վիրավորանքին՝ վիրավորանքով։ Մենք պետք է ձևավորենք նոր մշակույթ, որին արժանի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ նա անդրադարձել է ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի դիտարկմանը, թե ինքը միայն «հարուստ մարդկանց փաստաբանն է»։
«Եթե փաստաբանը լավն է, պետք է լավ վարձատրել, եթե վատն է՝ պետք է չվարձատրվի»,- արձագանքել է Վարդևանյանը։
Վարդևանյանի խոսքով՝ իր քաղաքական օրակարգի առանցքում պետք է լինեն ՀՀ քաղաքացիների խնդիրները, նրանց կյանքի որակի բարելավումը, օրենսդրական փոփոխություններն ու հստակ ծրագրերը։
Նա քննադատել է իշխանության՝ ժողովրդավարության վերաբերյալ հայտարարությունները՝ պնդելով, որ երկրում «քաղաքական բանտարկյալների», կալանքների «ռեկորդային թվի» և ընտրական գործընթացում խախտումների առկայությունը հակառակի մասին է վկայում։
Վարդևանյանը Հայաստանի առջև ծառացած առաջնային մարտահրավերների թվում նշել է ՀՀ տարածքների «օկուպացիան» և սոցիալ-տնտեսական խնդիրները՝ շեշտելով, որ քաղաքական օրակարգը պետք է ուղղված լինի դրանց լուծմանը։
Օրենսդրության համաձայն՝ Ազգային ժողովն ունի նախագահի երեք տեղակալ, որոնցից մեկը պետք է ներկայացնի ընդդիմությունը։ ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են առանձին՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Իր թեկնածությունը ներկայացնելիս Վարդևանյանը հայտարարել էր, որ խորհրդարանը պետք է ծառայի Հայաստանի քաղաքացիներին և կենտրոնանա բարեկեցության, տարածքային սպառնալիքների, արտաքին քաղաքական ու սոցիալ-տնտեսական մարտահրավերների վրա։
Նա ավելի վաղ առաջարկել էր փոխել ընդդիմության նախաձեռնությունների քննարկման կարգը։ Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության օրինագծերը հաճախ բացասական եզրակացություն են ստանում մշտական հանձնաժողովներում և չեն հասնում լիագումար նիստերի օրակարգ, ինչի հետևանքով խորհրդարանում իշխանության և ընդդիմության դիրքորոշումների լիարժեք բախում տեղի չի ունենում։ Վարդևանյանը կոչ էր արել նման նախագծերը քննարկման ներկայացնել նիստերի դահլիճում՝ անկախ նրանից, թե հետագայում խորհրդարանն ինչ որոշում կընդունի դրանց վերաբերյալ։
Թեկնածուն նաև հայտարարել էր, որ նիստերը նախագահելիս օրենքի պահանջները հավասարապես կկիրառի բոլոր պատգամավորների նկատմամբ՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունից են։
Վարդևանյանը նաև նշել էր, որ կընդհատեր նաև իր կուսակցի ելույթը, եթե վերջինս վիրավորական արտահայտություններ թույլ տա, ինչպես նաև կկիրառի կանոնակարգով նախատեսված միջոցները՝ նախազգուշացումից մինչև ավելի խիստ պատժամիջոցներ։
Նա առաջարկել էր առանձին քննարկել կալանավորման յուրաքանչյուր դեպք և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել, եթե իշխանությունները չկարողանան հերքել քրեական հետապնդման քաղաքական շարժառիթները։ Որպես օրինակ՝ Վարդևանյանը նշել էր պատգամավորներ Ռուբեն Մխիթարյանի և վերջերս ազատ արձակված Դավիթ Ղազինյանի գործերը։
Այսպիսով, 9-րդ գումարման խորհրդարանի ղեկավար կազմի ձևավորումն ավարտվել է։ Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ԱԺ նախագահի տեղակալներ էին ընտրվել պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։
