Բնակարանների «գայթակղիչ» հայտարարությունները՝ նոր խարդախությունների թիրախ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բնակարանների «գայթակղիչ» հայտարարությունները՝ նոր խարդախությունների թիրախ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության վերաբերյալ գրավիչ առաջարկների տակ կարող են նաև խարդախության սխեմաներ լինել։ Կեղծ հայտարարություններ, շուկայականից ցածր գին, շտապ կանխավճարի պահանջ, և հետո՝ անհետացած էջ կամ արգելափակված հեռախոսահամար։

Վերջին շրջանում նման դեպքերի մասին ահազանգերը հաճախացել են։ Իրավապահները քաղաքացիներին զգուշացնում են՝ չվստահել չափազանց շահավետ առաջարկներին և գումար չփոխանցել մինչև բնակարանը չտեսնելը և գործարքի օրինականությունը չստուգելը։

Խարդախության նման դեպքերից քաղաքացիներին պաշտպանելու համար անշարժ գույքի փորձագետներն էլ խորհուրդ են տալիս առաջին հերթին ստուգել՝ ում հետ են գործ ունենալու։ Անհրաժեշտ է համոզվել՝ արդյո՞ք անձը իրական սեփականատերն է, թե՞ ներկայացնում է որևէ կազմակերպություն։

Անշարժ գույքի ոլորտի մասնագետները նշում են՝ հաճախ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ մարդիկ գործարք են կատարում՝ առանց միջնորդի վստահելիությունը ստուգելու։

«Խորհուրդ կտայի, որ ֆեյսբուքյան խմբերով, սոցիալական էջերով անհայտ մարդկանց չդիմեն նման հարցերով։ Ինչքան էլ գրավիչ առաջարկներ լինեն, եթե նույնիսկ որևէ մեկը ինչ-որ հոլովակ տեղադրի կամ խմբում տեղադրի, իհարկե, կան պարկեշտ, բարեխիղճ մասնագետներ, ովքեր կտեղադրեն, բայց անպայման պետք է ստուգվի՝ որ ընկերությունում են աշխատում, առհասարակ այդ ընկերության համբավը հասկանան։ Եվ պահանջեն, որպեսզի գործարքները իրավաբանի ուղեկցությամբ կամ փորձառու մասնագետի միջոցով իրականացվեն»։

Անշարժ գույքի շուկան ավելի վերահսկելի դարձնելու նպատակով արդեն ընդունվել են նոր կարգավորումներ։ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքը նախատեսում է ոլորտի մասնագետների որակավորում և գործունեության վերահսկման նոր մեխանիզմներ։

«Լավ նորությունն այն է, որ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքն ընդունվել է նախորդ տարվա նոյեմբերին, որը ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, կարծեմ, 2027 թվականի հուլիսի 1-ին։ Հիմա նաև ենթաօրենսդրական ակտեր են կարգավորվում։ Մասնավորապես, այս տարվա վերջ արդեն լիցենզավորման գործընթացը պետք է սկսի մասնագետների, ռիելթորների համար։ Այդ ժամանակ արդեն մյուս տարի մոտավոր հետևյալ պատկերը կունենանք, որ ցանկացած անշարժ գույքի վերաբերյալ հայտարարություն որևէ պորտալում, մասնագիտական հարթակում պետք է նույնականացված լինի Կադաստրի կոմիտեի հատուկ հարթակում և տարբերանշանով գրված լինի, որ ստուգված է»։

Նոր կարգավորումներով՝ անշարժ գույքի ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետները պետք է ունենան համապատասխան որակավորման վկայական։ Բացի այդ, հայտարարություն հրապարակելու համար անհրաժեշտ կլինի սեփականատիրոջ կամ վաճառողի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր։

Փորձագետների դիտարկմամբ՝ սա էապես կնվազեցնի հնարավոր չարաշահումները։

Որակավորման պահանջը վերաբերում է նաև ոլորտ մուտք գործող անձանց։ Բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները կարող են դիմել քննության, իսկ բարձրագույն կրթություն չունեցողները պետք է անցնեն պարտադիր մասնագիտական դասընթացներ։

«Որևէ ռիելթոր իրավունք չի ունենալու որևէ հայտարարություն տեղադրել, եթե վարձատուի կամ վաճառողի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր չկա»։

Այսպիսով՝ քաղաքացին սոցիալական հարթակում հայտարարություն է տեսնում, պետք է պահանջի հնարավորինս շատ տեղեկատվություն՝ սեփականության իրավունքի վերաբերյալ փաստաթուղթ, տեղեկություն ընկերության մասին։ Եթե էջը ստեղծվել է վերջերս, չունի պատմություն, իսկ առաջարկը չափազանց շահավետ է, դա արդեն պետք է զգոնության ազդանշան լինի։

Իրավապահները ևս հիշեցնում են՝ կանխավճար փոխանցել միայն գրավոր պայմանագրի կնքումից հետո։ Եթե քաղաքացին կասկածում է, որ դարձել է խարդախության զոհ, անհրաժեշտ է պահպանել բոլոր հաղորդագրությունները, փոխանցումների անդորրագրերը և հնարավորինս արագ դիմել ոստիկանություն։

Բնակարանի վարձակալության կամ գնման ժամանակ ամենակարևոր պայմանը շարունակում է մնալ մեկը՝ չշտապել և ստուգել յուրաքանչյուր մանրուք։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Leave a Comment