Թուրքիայում որոշել են դատի տալ Ուկրաինային՝ բեռնանավին հարվածելու պատճառով

Թուրքական Reyhan Sarı բեռնանավի սեփականատերը, որի վրա հարձակման հետևանքով անձնակազմի անդամ էր զոհվել, պատրաստվում է Ուկրաինայի դեմ հայց ներկայացնել Հաագայի Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները։

ԶԼՄ տվյալներով՝ «T ve O Denizcilik» նավատերը և անձնակազմի 15 անդամներ պատրաստվում են դատական ​​հայց ներկայացնել։ Հայցադիմումի նախագծում պնդում է կատարվում, որ Ուկրաինան դիտավորյալ հարված է հասցրել թուրքական դրոշի ներքո նավարկող նավին՝ թիրախավորելով նաև այն հատվածները, որտեղ գտնվում էր անձնակազմը։ Հայցվորները շեշտում են, որ քաղաքացիական առևտրային նավերը հակամարտության ընթացքում պաշտպանված են միջազգային իրավունքով և չպետք է դիտարկվեն որպես ռազմական թիրախներ։

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ հարձակման ընթացքում կիրառվել են կասետային և զրահահար ենթազինամթերք պարունակող զինատեսակներ։ Ինչպես հաղորդում է պարբերականը, նավի սեփականատերը միջադեպը համարում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

Հուլիսի 23-ին թուրքական Reyhan Sarı բեռնանավը, որը ռուսական Տաման նավահանգստից Տրապիզոն էր տեղափոխում ածուխ, Սև ծովում՝ Նովորոսիյսկի շրջանում, ենթարկվել էր անօդաչու թռչող սարքի հարձակման։ Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել էր անձնակազմի 54-ամյա անդամը, ևս երեք նավաստի վիրավորվել էին։

Leave a Comment