Տնտեսական շոկը կանցնի, Հայաստանը կգտնի նոր շուկաներ. քաղաքագետ

Տնտեսական շոկը կանցնի, Հայաստանը կգտնի նոր շուկաներ. քաղաքագետ

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը այս տարի նվազել է երկու երրորդով. հայտնում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ըստ նրա՝ 2024-ին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի, անցյալ տարի այն նվազել է մինչև մոտ 8 միլիարդ դոլար։ Իսկ այս տարի առևտրաշրջանառության մեջ շատ կտրուկ անկում է գրանցվել։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

-Ըստ Ձեզ՝ այս ցուցանիշը կարո՞ղ է գնալով մեծանալ։

-Կարծում եմ՝ եթե Ռուսաստանը շարունակի սահմանների փակումը, Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալները գնալով ավելի են նվազելու։ Եվ չի բացառվում, որ ինչ-որ պահի նույնիսկ Հայաստանն էլ սկսի տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, քանի որ դա չի կարող միակողմանի լինել։ Եվ, ընդհանրապես, նույնիսկ հնարավոր է՝ եթե Ռուսաստանը չփոխի իր վարքագիծը և քաղաքականությունը, մոտ ապագայում դուրս գա ԵԱՏՄ-ից։ Այնպես որ, այս պահին որևէ լավատեսական հիմքեր չկան կանխատեսելու, որ առաջիկայում Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալները կմեծանան, որովհետև Հայաստանը ուղղություն է վերցրել դեպի դիվերսիֆիկացում, որպեսզի դիվերսիֆիկացնի իր և՛ արտաքին քաղաքականությունը, և՛ տնտեսական քաղաքականությունը։ Իսկ դա նշանակում է, որ ռուսական շուկան պետք է աստիճանաբար փոխվի այլ երկրների շուկաներով։ Իհարկե, դա չի նշանակում, որ ամբողջությամբ դուրս կմնանք ռուսական շուկայից և այլևս որևէ բան չենք արտահանի, բայց զգալիորեն կփոխվի Հայաստանի արտահանման ապրանքների կառուցվածքը, և Ռուսաստանը այլևս մենաշնորհային դիրք չի ունենա այդ կառուցվածքում։

-Ռուսական կողմը նշում է, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հետ հարաբերությունների նման զարգացումները կանխատեսելի էին։ Չե՞նք կարող ասել, որ Հայաստանը վաղուց արդեն այս սցենարներին պատրաստ է և արդեն իսկ կունենա այլընտրանքներ։

-Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ունեն տարբեր սցենարներ՝ կապված Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ վարվող տնտեսական պատժամիջոցների հետ։ Կարծում եմ՝ իրենք հնարավոր բոլոր ռիսկերը հաշվարկել են, և որոշ ժամանակ տնտեսական խնդիրներ կունենանք, բայց դրանից հետո արդեն այդ տնտեսական շոկը կանցնի։ Քանի որ և Հայաստանը բազմաթիվ թելերով երկար տարիներ կապված է եղել Ռուսաստանի հետ՝ բոլոր առումներով, և միանգամից կտրել այդ թելերը շատ դժվար է, և գտնել նոր շուկաներ նույնպես դժվար է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, երկու երկրների կողմից փակ սահմանները, որոշ հայկական ապրանքների այդքան էլ մրցունակ չլինելը այլ երկրների շուկաներում։ Բայց, կարծում եմ, դրանք էլ լուծելի հարցեր են, և Հայաստանի իշխանությունները ժամանակի ընթացքում այդ հարցերն էլ կլուծեն։

-ՌԴ-ն երկար տարիներ եղել է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներից մեկը։ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է Հայաստանին հասկացնել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը լավ չի անդրադառնալու։ Ի՞նչ քայլեր կարելի է սպասել Հայաստանից։

-Այստեղ միայն ՀԱՊԿ-ի խնդիրը չէ, այլ ընդհանուր Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի աստիճանաբար կամ պարադիգմայի փոփոխությունը։ Եվ սա, բնականաբար, դուր չի գալիս Ռուսաստանին, որը ավանդաբար Հայաստանը համարել է իր ազդեցության գոտի, նույնիսկ հատուկ գոտի։ Այժմ տեսնում է, որ Հայաստանն իր ձեռքի տակից գնում է։ Նախկինում իրենք խաղարկում էին Ղարաբաղյան լծակը, հիմա այդ լծակը արդեն չունեն։ Եվ տնտեսական լծակների են անցել, բայց տնտեսականն էլ չեմ կարծում՝ այդքան արդյունավետ կարող է լինել, որովհետև, բարեբախտաբար, Հայաստանն ունի այս պայքարում բարեկամներ, ընկերներ, որոնք պատրաստ են նրան ամեն կերպ աջակցել։ Խոսքը առաջին հերթին ԵՄ-ի մասին է։ Եվ Եվրոպական Միությունը բավականին մեծ գումարներ է հատկացնելու և նաև գործուն ջանքեր է ձեռնարկելու, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի կողմից քիչ կորուստներ տանի։ Այնպես որ, շատ կարևոր է, որ Հայաստանը շարունակի այս գիծը, տեղի չտա ռուսական ճնշումներին, քանի որ չպետք է միայն այսօրվա պահի մասին մտածենք։ Մեր նախկին իշխանությունների բազմաթիվ սխալներից մեկն էլ այն էր, որ միայն այդ պահի մասին են մտածել, հեռուն չեն նայել։ Եվ ամբողջ երկիրը դրել են Ռուսաստանից կախվածության մեջ, որի հետևանքները մենք տեսանք 2022-2023 թվականներին։ Երբ որ ամեն ձև կախված լինելով Ռուսաստանից՝ Հայաստանը չէր կարողանում մանևրել, իսկ Ռուսաստանը, օգտվելով իր ազդեցությունից Հայաստանի նկատմամբ, այդ լծակներն ունի, իր խաղերն էր փորձում թելադրել, առավելագույն բաներ կորզել, միջանցք ստանալ, որտեղ որ պետք է տեղակայվեն ռուսական ФСБ-ի ներկայացուցիչները։ Դժվարությամբ, բայց պետք է հաղթահարենք նաև այս փուլը, որովհետև անկախություն ձեռք բերելը միշտ էլ ջանքեր, վնասներ, կորուստներ է ենթադրում։ Իսկ այս պահին մենք նաև, փաստորեն, անկախության համար ենք պայքարում, այդ թվում՝ նաև տնտեսական անկախության, որպեսզի չունենանք Ռուսաստանից կախվածություն։

-Եթե նախկինում հայ-ռուսական առևտրաշրջանառությունը ռեկորդային էր, իսկ հիմա կտրուկ նվազում է, ո՞վ է պատասխանատու այդ փոփոխության համար՝ Երևա՞նը, Մոսկվա՞ն, թե՞ արտաքին պայմանները։

-Պատասխանատուն, իհարկե, Ռուսաստանն է։ Հայաստանը գոնե տնտեսական առումով պատերազմ չի հայտարարել Ռուսաստանին։ Մենք գոնե ինչ-որ քայլեր չենք ձեռնարկել, որոնք կարող էին վնասել երկու երկրների ապրանքաշրջանառությանը։ Մեր քայլերը եղել են ավելի շատ արտաքին քաղաքականության ոլորտում։ Նոր ռազմավարական գործընկերության համաձայնագրեր ենք ստորագրել շատ երկրների հետ, Հայաստանը սկսել է մերձենալ Արևմուտքի հետ։ Բայց տնտեսական առումով Հայաստանը որևէ քայլ չի արել, որոնք կխաթարեին հարաբերությունների հիմքերը և ապրանքաշրջանառության ու առևտրատնտեսական կապերը։ Այստեղ Ռուսաստանն է նախահարձակ եղել, փորձում է Հայաստանին ճզմել տնտեսական քաղաքականությամբ, և երկկողմ ապրանքաշրջանառության ու առևտրի ծավալների նվազումը հենց Ռուսաստանի մեղքով է։

-Արդյո՞ք ԵՄ շուկան կարող է հայ տնտեսվարողի համար լինել գրավիչ, պատրա՞ստ ենք այնտեղ լուրջ ներկայություն ունենալու և այնտեղ համապատասխան ապրանք արտահանելու։

-Եվրամիության շուկան Հայաստանի համար գրավիչ է, աշխարհի բոլոր երկրների համար է այդպես։ Դա աշխարհի թիվ մեկ շուկան է իր գնողունակությամբ, 500 մլն-ից ավել և ամենահարուստ շուկան է, և բնականաբար, բոլոր երկրներն էլ կցանկանան այնտեղ հաստատվել, ապրանքներ արտահանել։ Այլ հարց է, որ Հայաստանում շատ ապրանքներ չեն համապատասխանում եվրոպական բարձր ստանդարտներին։ Այստեղ էլ, իհարկե, շատ լուրջ աշխատանք կա անելու։ Պետք է մեր ապրանքների մրցունակությունը բարձրացնենք, բարձր որակի ստանդարտներ դնենք հայ արտադրողների առջև, որպեսզի կարողանան արտադրել ապրանքներ, որոնք կարող են մրցունակ լինել Եվրամիության շուկայում։ Իհարկե, ռուսական շուկան ավելի հեշտ էր մուտք գործելը, որովհետև այնտեղ չափանիշները բարձր չէին։ Եվ նույնիսկ շատ դեպքերում աչք էին փակում անորակ ապրանքների վրա։ Բայց նաև դա լծակ էին օգտագործում մեր դեմ։ Օրինակ՝ գիտեին, որ շատ կոնյակի տեսակներ, որոնք արտադրվում են Հայաստանում ու արտահանվում ՌԴ, չեն համապատասխանում չափանիշներին, նույնիսկ կոնյակ էլ դժվար է ասել դրանց։ Ամեն դեպքում, ապրանքների որակի բարձրացումը միայն բխում է Հայաստանի շահերից։ Մենք ավելի կունենանք ավելի մրցունակ ապրանքներ, դա կմեծացնի հնարավորությունները հաստատվելու, մուտք գործելու և հաստատվելու եվրոպական շուկայում։ Բարեբախտաբար, այս ճանապարհին, որով Հայաստանն անցնում է, ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին գալիք արտոնություններ տալ։ Գիտենք, որ հայկական շատ ապրանքներ ազատվել են մաքսատուրքերից, այսինքն՝ զրո մաքսատուրքով են մտնում եվրոպական շուկա, որը շատ մեծ արտոնություն է Հայաստանի համար։ Եվ պետք է օգտվենք այս հնարավորություններից։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment