Ռուսաստանը և Սիրիան հուշագիր են ստորագրել ռուսական ռազմական բազաների ապագայի մասին

Մոսկվան և Դամասկոսը հուշագիր են ստորագրել Սիրիայում Ռուսաստանի ներկայության վերակազմակերպման մասին, որը նախատեսում է, որ քաղաքացիական օբյեկտներն անցնելու են Դամասկոսի վերահսկողության տակ, իսկ ռուսական ռազմական բազաները վերածվելու են համատեղ ուսումնական կենտրոնների: Այդ մասին հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ն՝ վկայակոչելով SANA պետական գործակալությունը, հայտնել է ՌԲԿ-ն։

Հուշագրի համաձայն՝ Դամասկոսը քաղաքացիական կառավարման տակ է վերցնելու «Հմեյմիմ» օդանավակայանը և Տարտուսի նավահանգստի չորրորդ առևտրային նավամատույցը՝ դրանց հետագա ինտեգրմամբ երկրի քաղաքացիական վարչակազմին։ Ռազմական օբյեկտները կվերակազմավորվեն համատեղ ուսումնամարզական կենտրոնների, որոնք կգործեն նոր մեխանիզմների հիման վրա՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը։

Հուշագիրն անցումային շրջանի համար սահմանում է ոչ ավելի, քան երեք ամիս, ինչից հետո նոր պայմանավորվածությունները կմտնեն ուժի մեջ:

Նշվում է, որ համաձայնագիրը դարձել է ռուս-սիրիական մեկուկես տարվա բանակցությունների արդյունք: Սիրիայի ԱԳՆ-ն համաձայնագիրն անվանել է բանակցությունների սկզբից ի վեր ամենանշանակալի իրադարձությունը և հայտարարել, որ այն բացում է նոր փուլ երկկողմ հարաբերություններում։

Leave a Comment