Հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ Ախուրյանում մանկապարտեզները դառնում են անվճար

Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու արտահերթ՝ հուլիսի 31-ի նիստում քննարկվել և հաստատվել է 20 բնակավայրում գործող 22 մանկապարտեզներն անվճար դարձնելու նախագիծը, որն ընդունվել է միաձայն: Ստացվում է, որ ՏԻՄ ընտրություններից  2,5 ամիս առաջ Ախուրյան համայնքի ղեկավարությունը նվեր է մատուցել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին: 

«Հետք»-ը 11 կետից բաղկացած գրավոր հարցում էր ուղարկել համայնքապետարան՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված նման անակնկալը, արդյո՞ք նման նախագիծ հնարավոր չէր հաստատել մեկ տարի առաջ, գումարային առումով ի՞նչ պատասխանատվություն է ստանձնում համայնքը, արդյո՞ք տարվա կեսին ծափերով ընդունված նախագիծը չի ավարտվի տարեվերջին, կա՞ն ռիսկեր, որ համայնքային բյուջեն չի կարողանա ապահովել ծրագրի երկարատևությունը (ենթադրենք, կպարզվի, որ 2027թ-ի բյուջեի վրա հավելյալ բեռ է լինելու) և այլն:

Ինչպես հայտնի է, Ախուրյան խոշորացված համայնքը բաղկացած է 34 բնակավայրից: Համայնքը երկրորդ անգամ խոշորացել է 2021թ-ին՝ նախկին շրջկենտրոնի օրինակով, և ինչպես նախկինում, ներկայում էլ միավորված բնակավայրերի համար կենտրոն համարվում է մոտ 10 հազար բնակիչ ունեցող Ախուրյան բնակավայրը: Բայց եթե խորհրդային տարիներին գրեթե բոլոր գյուղերում կար մանկապարտեզ, ներկայում պատկերն այլ է:

Ըստ համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության, համայնքի կազմում ընդգրկված Առափի, Երազգավորս, Գետք, Բենիամին, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հովիտ, Հովունի, Ղարիբջանյան, Մեծ Սարիար և Փոքրաշեն բնակավայրերում (13 գյուղում) մանկապարտեզներ չեն գործում: Ախուրյան բնակավայրում գործում է 3, իսկ մնացած 19 գյուղերում՝ մեկական մանկապարտեզ:

Գործող 22 մանկապարտեզներ, այս տարվա տվյալներով, հաճախում է 1240 երեխա, որից միայն 270-ը Ախուրյան բնակավայրի 3 մանկապարտեզ: Մեկ երեխայի համար գանձվող վճարը սահմանված է եղել 5000 դրամ: Վարձավճարը նույնն է բոլոր մանկապարտեզների համար՝ առանց բացառության: Եթե հաշվարկը կատարվի այս տարի մանկապարտեզ հաճախող երեխաների թվով պայմանավորված, ապա մեկ ամսվա կտրվածքով, ծնողներից գանձվող ընդհանուր գումարը կազմել է 6 մլն 200 հազար դրամ, որն այսուհետ, ավագանու անդամների որոշմամբ, դառնում է համայնքային բյուջեի բեռը: 

Ախուրյան համայնքի մանկապարտեզների աշխատակիցների թիվը 412 է, ըստ հաստիքացուցակի: Նվազագույն աշխատավարձը 115 հազար, իսկ առավելագույնը՝ 231 հազար դրամ է: Համայնքի բյուջեում մանկապարտեզների ծախսային մասի ֆինանսավորման համար նախատեսված է եղել 749  մլն 343 հազար 800 դրամ, որն ըստ տրամադրած տեղեկատվության, արդեն իսկ հատկացվել է: 2026թ-ի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի համար նախատեսված տեղական վճարը կազմում է 23 մլն 840 հազար դրամ: 

Այն հարցին, թե ինչու է համայնքը հանկարծակի, տարվա կեսին բարի կամք դրսևորել՝ դարձնելով մանկապարտեզներն անվճար, ստացել ենք հետևյալ պատասխանը. «Տարվա սկզբին համայնքն ունեցել է ձևավորված պահուստային ֆոնդ: Հուլիս ամսվա վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ համայնքը իր պահուստաֆոնդի միջոցների հաշվին կարող է իրականացնել համապատասխան ծախսերը»: Համայնքապետարանը շրջանցել և չէր պատասխանել հարցին, թե արդյո՞ք կարողանալու են առանց նախնական քննարկման հայտարարված ծրագրին երկար կյանք ապահովել և արդյո՞ք այն չի ընդհատվի ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո: 

Նաև հետաքրքրվել էինք Ախուրյան բնակավայրում 4-րդ մանկապարտեզի կառուցման վերաբերյալ շրջանառվող խոսակցություններով: Ըստ նախնական տեղեկությունների, երկհարկանի նոր մանկապարտեզը պետք է կառուցվեր թիվ 1 ավագ դպրոցի հարևանությամբ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում: Մի քանի ամիս առաջ, բանավոր հարցման ժամանակ, լուրը հաստատել էր նաև համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը՝ նշելով, որ դրա կարիքը կա և մատնանշել էր «Հեքիաթ» մանկապարտեզի ծանրաբեռնվածությունն ու գյուղերից երեխաների հոսքը դեպի Ախուրյան բնակավայրի մանկապարտեզներ: 

Իսկ ահա, օգոստոսի 6-ին համայնքապետարանից ստացած գրավոր պատասխանում նշված էր, որ առաջիկա ծրագրերում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներ չեն ներառվել՝ ելնելով փաստից, որ առկա մանկապարտեզների գումարային հզորությունը բավարար է: Եթե այս փոփոխությունները դիտարկենք ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող ծրագրերի համատեքստում, ապա բնական է, որ վարձավճարների չեղարկումը շատ ավելի ազդեցիկ քայլ է, քան նոր մանկապարտեզի կառուցումը: Մարդիկ սեփական բյուջեի վրա ազդեցությունը զգալու են միանգամից, ինչպես եղավ թոշակը 10 հազար դրամով բարձրացնելու ժամանակ՝ հանրապետական ընտրություններից մի քանի ամիս առաջ:

Գլխավոր լուսանկարում՝ Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի մանկապարտեզը



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment