Պար, երգ, ճամփորդություն ընկերների հետ ու ամենօրյա աշխատանք մանկապարտեզում․ 81-ամյա Ալվարդ Մանդակունյանի երկարակեցության բանաձևը․ «Երկրորդ շնչառություն»

Կյանքը սիրել ոչ թե մի քիչ, այլ շատ. կենսասիրությունն ու մշտական զբաղվածությունն են երաժիշտ, երգահան, քանոնահարուհի Ալվարդ Մանդակունյանի երկարակեցության «մեղավորները»։ Տարեկիցներին ու նոր թոշակի անցած մարդկանց 80-ամյա երաժիշտը խորհուրդ է տալիս թափ տալ իրենց ու կյանքը վայելել՝ չնայած դժվարություններին:

Ավելի քան կես դար մանկավարժության մեջ փորձառություն ունեցող մասնագետն այսօր ինքն է ուշիմ ուսանողուհի։ «Ես սիրում եմ պարել ու երգել, մի օր պարի եմ գնում, մյուս օրը երգչախմբի եմ։ Սա կարևոր է, որ մշտապես տեմպի մեջ մնամ»,- բացատրում է նա՝ հավելելով, որ հումորն ու ընկերների հետ ժամանակ անցկացնելն էլ չափազանց կարևոր են: Մանդակունյանի խոսքով, ժամանակ առ ժամանակ հանգիստը պետք է կազմակերպել ոչ թե ընտանիքի անդամների հետ, որ որպես կանոն տարբեր ճաշակի մարդիկ են, այլ նույն ալիքի վրա գտնվող ընտրած ընկերների հետ։ «Թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանի մարզերում ճամփորդելը մարդու կյանքին բույր է հաղորդում, դա ավելի եռանդ և ուժ է տալիս մարդուն»,- համոզված է զրուցակիցս, որ 81-ամյակը ծովափին ընկերուհիների հետ է նշել։

Արվեստագետը վստահ է, որ յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են դժվար օրեր ու ծանր ապրումներ, բայց այդ ամենը հաղթահարել ու շարունակել որակյալ կյանքով ապրելը կարևոր է։ Տիկին Ալվարդի համար արտաքին տեսքը, զգեստների ու աքսեսուարների համադրությունը բնականոն մի բան են։ Տարիքը նա չի զգում, այսօր էլ շարունակում է հաճույքով աշխատել մանկապարտեզում, ամենափոքրերի հետ։ «Ես չեմ հոգնում երեխաների հետ, ես սիրում եմ իրենց, հետները խաղում եմ և ուրախանում եմ, տարիքի տարբերությունը չեմ զգում»,- ծիծաղը չի զսպում նա՝ տեղեկացնելով, որ արդեն տպագրության է հանձնում նախարարության կողմից հաստատված հերթական երաժշտական ձեռնարկը՝ նախատեսված նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների համար։

Leave a Comment