Ֆիդանը չի բացառել Հարավային Կովկասի երկրների հետ պաշտպանական համաձայնագրերի կնքումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հարավային Կովկասն անվանել է Թուրքիայի անվտանգության վրա ուղղակիորեն ազդող տարածաշրջան և չի բացառել տարածաշրջանի երկրների հետ պաշտպանական համաձայնագրերի կնքումը, փոխանցել են թուրքական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին։

Թուրքիայի ԱԳ նախարարը պնդել է, որ որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ Իրանի կամ այլ պետությունների դեմ։

«Ոչ մի պետություն թիրախ չի դառնա, քանի դեռ սպառնալիք չի ներկայացնում ստորագրող կողմերի համար»,- ասել է Ֆիդանը։

Նրա գնհատմամբ՝ հաջորդ փուլում համաձայնագրին կարող է միանալ Եգիպտոսը։

Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան օգոստոսի 7-ին Մեքքայում ստորագրել են համատեղ պաշտպանական համաձայնագիր, որով կողմերից որևէ մեկի նկատմամբ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի նկատմամբ։

Ֆիդանն իր հայտարարությունը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վաշինգտոնյան համաձայնագրերի մեկամյա տարելիցի կապակցությամբ կայացած հեռախոսազրույցի ֆոնին։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել էին խաղաղության գործընթացի ընթացքը, TRIPP նախագծի իրականացումը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի զարգացումը։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment