Ինֆանտինոյի շուրջ սկանդալը թեժանում է

Ինֆանտինոյի շուրջ սկանդալը թեժանում է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) օգոստոսի 8-ին X-ում հրապարակած հայտարարությամբ դատապարտել է «որոշ անձանց կողմից իր նախագահ Ջանի Ինֆանտինոյի հեղինակությունը խաթարելու փորձերը»՝ միջազգային մրցաշարերի մասնակի մասնավորեցման նրա ծրագրի շուրջ սկանդալի ֆոնին։ Ծրագիրն այժմ հետաձգված է։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ընդդիմախոսները փորձում են արդյունքի հասնել «մեղադրանքների, ակնարկների կամ ապատեղեկատվության միջոցով»։ ՖԻՖԱ-ն Ինֆանտինոյի մասին հրապարակումներում հիշատակում է «չհաստատված պնդումներ և ակնհայտորեն կեղծ հայտարարություններ»։

Մեկ օր առաջ բրիտանական The Telegraph թերթը գրել էր, որ Ինֆանտինոն օգտագործել է իր ազդեցությունը՝ ՈՒԵՖԱ-ի աշխատակիցներից մեկի պաշտոնական առաջխաղացումն ապահովելու համար։ Ըստ հրապարակման՝ Ինֆանտինոյի և այդ աշխատակցուհու միջև եղել են ինտիմ հարաբերություններ, իսկ աշխատանքից հեռանալիս նա որպես փոխհատուցում ստացել է «վեցանիշ գումար»՝ տարեկան 53 հազար եվրո արժողությամբ MBA բիզնես-դպրոցում ուսման վարձի փոխհատուցումից բացի։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն ներողություն էր խնդրել Ինֆանտինոյի՝ քննադատությունների արժանացած ծրագրի համար, որը նախատեսում էր ֆուտբոլի աշխարհի առաջնության և այլ մրցաշարերի բաժնեմասերի վաճառքը մասնավոր ներդրողներին։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ներդրողների թվում կարող էին լինել նաև Թրամփի փեսայի հարազատները։

Սակայն Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է, որ կշարունակի բոյկոտել տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները, այդ թվում՝ այն պատճառով, որ «կորցրել է վստահությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնավարման նկատմամբ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment