Ինչպե՞ս է առաջանում հյուսիսափայլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հյուսիսափայլը (Aurora Borealis) բնության ամենատպավորիչ լուսային երևույթներից մեկն է։ Այն ձևավորվում է, երբ Արեգակից անընդհատ արտանետվող լիցքավորված մասնիկների հոսքը՝ արեգակնային քամին, հասնում է Երկրին և փոխազդում մեր մոլորակի մագնիսական դաշտի հետ։ Մագնիսական դաշտը մասնիկներին ուղղորդում է դեպի բևեռային շրջաններ, որտեղ դրանք բախվում են մթնոլորտում գտնվող թթվածնի և ազոտի մոլեկուլներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Այս բախումների ընթացքում գազերի ատոմները ստանում են լրացուցիչ էներգիա, իսկ այն կորցնելիս արձակում են տարբեր գույների լույս։ Արդյունքում երկնքում հայտնվում են շարժվող լուսային վարագույրներ, աղեղներ և ալիքաձև պատկերներ, որոնք անընդհատ փոխում են իրենց ձևն ու պայծառությունը։

Հյուսիսափայլի գունային բազմազանությունը պայմանավորված է մթնոլորտի տարբեր գազերի հետ Արեգակից եկող լիցքավորված մասնիկների փոխազդեցությամբ։ Կանաչ և կարմիր երանգները հիմնականում առաջանում են թթվածնի ատոմների ճառագայթման արդյունքում՝ տարբեր բարձրություններում, իսկ կապույտ և մանուշակագույն երանգները՝ ազոտի մոլեկուլների փոխազդեցության և դրանց հետագա ճառագայթման հետևանքով։

Այս զարմանահրաշ երևույթն առավել հաճախ դիտվում է բևեռային շրջաններում՝ Իսլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Կանադայում և Ալյասկայում։ Սակայն ուժեղ արեգակնային ակտիվության ժամանակ հյուսիսափայլը երբեմն կարելի է տեսնել նաև ավելի հարավային լայնություններում։

Հետաքրքիր փաստ. Հարավային կիսագնդում այս նույն երևույթը կոչվում է՝ հարավափայլ (Aurora Australis) և ձևավորվում է նույն ֆիզիկական գործընթացների արդյունքում՝ միայն Հարավային բևեռի շրջանում։

Leave a Comment