ՔԿՀ-ներում պահվող անձինք կարող են բողոք ներկայացնել առանց էլեկտրոնային տարբերակի

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է դյուրացնել քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց կողմից բողոք ներկայացնելու ընթացակարգը։

Արդարադատության նախարարությունն առաջարկում է նրանց ազատել բողոքին էլեկտրոնային տարբերակը կամ էլեկտրոնային կրիչը պարտադիր կցելու պահանջից։ Փոփոխության նպատակն է վերացնել գործնական խոչընդոտները և ապահովել անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածը սահմանում է դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը, որի համաձայն՝

  • «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
  • Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք»:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է յուրաքանչյուրի՝ դատարանի կողմից իր գործի արդար քննության իրավունքը, որի անբաժանելի բաղադրիչներից է դատարան դիմելու (դատարանի մատչելիության) իրավունքը (right of access to a court):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարան դիմելու իրավունքը պետք է լինի ոչ միայն տեսական և ձևական, այլև գործնական և արդյունավետ (practical and effective)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքումմասնավորապես՝ «Գերինն ընդդեմ Ֆրանսիայի» (Guérin v. France) [Մեծ պալատև «Օմարն ընդդեմ Ֆրանսիայի» (Omar v. France) [Մեծ պալատգործերով[1]Դատարանը վերահաստատել էոր դատարանի մատչելիության իրավունքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն կարող հանգեցնել այդ իրավունքի բուն էության խաթարմանը և պետք է համապատասխանեն համաչափության պահանջին՝ ապահովելով կիրառվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև ողջամիտ հավասարակշռություն։

 Հետևաբար, ներպետական օրենսդրությամբ նախատեսված դատավարական պահանջները, թեև կարող են հետապնդել արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակ, չպետք է անձի համար ստեղծեն այնպիսի անհամաչափ կամ անհարկի խոչընդոտներ, որոնք կսահմանափակեն դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը։

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանվել են մինչդատական վարույթում, վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքների ներկայացման ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները։ Մասնավորապես, Օրենսգրքի 301-րդ, 355-րդ և 382-րդ հոդվածներով նախատեսվում է, որ բողոքին, ի թիվս այլ նյութերի, պետք է կցվի նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)։

Մինչդեռ, Հայաստանի Հանարապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց կողմից բողոքներ ներկայացնելիս դրանց էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը) ոչ բոլոր դեպքերում է հնարավոր կցել: Ավելին՝ բողոքի էլեկտրոնային տարբերակը կցվում է բողոքին միայն այն դեպքերում, երբ դրանք ներկայացվում են անազատության մեջ պահվող անձանց պաշպանների կամ օրինական/լիազոր ներկայացուցիչների կողմից։

Բոլոր այն դեպքերում, երբ բողոքն ուղարկվում է քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող անձանց կողմից՝ հիմնականում հնարավոր չի լինում կցել բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը), հետևյալ պատճառներով.

Ø    անազատության մեջ պահվող անձանց կողմից բողոքները հիմնականում ներկայացվում են ձեռագիր,

Ø    անազատության մեջ պահվող ոչ բոլոր անձինք են կարողանում օգտվել համակարգչային տեխնիկայից,

Ø    քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չունեն անազատության մեջ պահվող անձանց փոխարեն բողոքը էլեկտրոնային տարբերակով կազմելու լիազորություն/պարտականություն:

Հատկանշական է, որ բողոքի էլեկտրոնային տարբերակի ներկայացման պահանջը հետապնդում է դատավարության արդյունավետ կազմակերպման նպատակ։ Այնուամենայնիվ, այդ պահանջը չի հանդիսանում բողոքի բովանդակության, հիմնավորվածության կամ ընդունելիության այնպիսի բաղադրիչ, որի բացակայությունն ինքնին կարող է կասկածի տակ դնել դատական պաշտպանության իրավունքի իրացումը։

 Հետևաբար, այն դեպքերում, երբ անձը, իր կարգավիճակից բխող օբյեկտիվ պատճառներով, փաստացի զրկված է նշված պահանջը կատարելու հնարավորությունից, բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու պարտականությունը կարող է հանգեցնել նրա՝ դատական պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափակման։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական մակարդակով նախատեսել բացառություն, որը հնարավորություն կտա անազատության մեջ պահվող անձանց բողոքին չկցել դրա էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):

 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ, 355-րդ և 382-րդ հոդվածներում նախատեսել անազատության մեջ պահվող անձանց համար բացառություն և սահմանել, որ վերջիններս կարող են բողոքին չկցել դրա էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)։

Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի վերացնել անազատության մեջ պահվող անձանց համար բողոք ներկայացնելիս առկա գործնական խոչընդոտները:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։

 Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

 Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

Leave a Comment