ՊՆ զորամասի նախկին պաշտոնյան մեղադրվում է 305 լիտր վառելիք հափշտակելու մեջ․ գործը դատարանում է

2026 թվականի օգոստոսի 5-ին Հակակոռուպցիոն դատարանում քննության է ստացվել ՀՀ պաշտպանության նախարարության զորմասի նախկին պաշտոնատար անձի  վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։  Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Վ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ պաշտպանության նախարարի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ գլխավոր շտաբի պետի տեղակալի թիվ Ն հրամանի համաձայն զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայությունների պետի պաշտոնը, այսինքն’ հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության անունից հանդես գալու լիազորություն ունեցող, ինչպես նաև իրավունքներ, պարտականություններ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, վստահված գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, օգտագործելով իր ծառայողական դիրքը, մեխանիկական եղանակով փոփոխել է ծառայության բերումով իր ղեկավարած ստորաբաժանմանը հատկացված ու իր ենթակայությամբ որպես վարորդ ծառայող Ա.  Հ.-ին ամրակցված «УА3-315122» մակնիշի, ՊՆ զինվորական հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վազքաչափի ցուցիչը, այնուհետև 2025 թվականի փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում կազմել է ակնհայտ կեղծ բովանդակությամբ, պաշտոնական շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերը’ 124, 208, 618, 432 և 284 հերթական համարների ուղեգրերը, որոնց հիման վրա զորամասից ստացել և հափշտակել է 138,775 ՀՀ դրամ արժողությամբ, ընդհանուր 305 լիտր, բենզինային վառելիքի կտրոններ, որոնք օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Վ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով։

Վ. Պ.-ին  որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Իրեղեն ապացույցների թվում նշված է մեկ փակ, կնիքված փաթեթ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment