Հայաստանն այն տեղն է, ուր կարելի է վստահ ներդրումներ անել. Փաշինյան – armeniatoday.am

Խաղաղությունը շրջադարձային է ՀՀ-ում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից, Firebird AI-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացմանը հայտարարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում ստորագրված փաստաթղթից հետո «միջազգային գործակալությունները մեկը մյուսի հետևից վերանայում են Հայաստանի սուվերեն վարկանիշները, ըստ էության, շատ հստակ ուղերձ հղելով ներդրումային հանրությանը, որ Հայաստանն այն տեղն է, ուր կարելի է վստահ ներդրումներ անել»։

Հայաստան-սփյուռք հարաբերությունների համատեքստում Փաշինյանն ընդգծել է Հայաստանին ոչ թե կարեկցելու, այլ Հայաստանի զարգացմանը մասնակցելու և զարգացմանն իրենց նպաստը բերելու կարևորությունը։

«Հարգելիներս, Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի, ես սա ասում եմ պաշտոնապես, Հայաստանի Հանրապետությունն ունի գործընկերության և գործակցության կարիք, և Հայաստանի Հանրապետությունը վստահելի գործընկեր է»,- ասել է նա:

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանում իրականացվող նախագիծը արտացոլում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև զարգացող տեխնոլոգիական համագործակցությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում համատեղ զարգացման համար։

Նշվել է, որ ՀՀ կառավարությունը հանդես է գալիս որպես նախագծի ռազմավարական գործընկեր՝ աջակցելով Հայաստանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքի ձևավորմանը և Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։

Գործարանի բացմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, Ղազախստանի փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, Firebird AI կենտրոնի համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանը և Ռազմիկ Հովակիմյանը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլիացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, դիվանագետներ:

Հրազդանի մերձակայքում՝ շուրջ 200 հազար քմ տարածքում, տեղակայված գործարանի առաջին փուլում նախատեսվում է ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU և շուրջ 18 ՄՎտ հզորություն։

Firebird ընկերությունը հունիսին հայտնել էր, որ Հայաստանում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոն՝ արհեստական բանականության ամպային հարթակ ստեղծելու համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և NVIDIA-ի հետ համագործակցաբար։ Նշվում է, որ կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, որի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։

Երկրորդ փուլում ընդհանուր ներդրումները նախատեսվում է հասցնել ավելի քան 4 մլրդ դոլարի, իսկ գործարանը համալրել շուրջ 50 հազար նոր սերնդի NVIDIA Vera Rubin GPU-ներով։ Մինչև 2027 թվականի վերջ նախատեսվող երրորդ փուլից հետո գործարանի հզորությունը պետք է գերազանցի 100 հազար GPU-ն և 400 ՄՎտ-ը։

Առաջին փուլում նախատեսվում է ստեղծել շուրջ 100, երկրորդում՝ մինչև 300 մշտական աշխատատեղ։ ՀՀ կառավարությունը նաև 25 մլն դոլարի հաշվողական ռեսուրսներ է նախատեսում ձեռք բերել՝ դրանք ԱԲ մասնագետներին, գիտնականներին, կրթական և գիտահետազոտական հաստատություններին ու ստարտափներին տրամադրելու համար։

Leave a Comment