Անցած տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր քայլեր են ձեռնարկել՝ խաղաղությունը երկու երկրների ժողովուրդների համար իրականություն դարձնելու համար, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Պասկալ Կոնֆավրյոն։ Նա այս մասին խոսել է Վաշինգտոնի գագաթնաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ։
Ֆրանսիան անհամբեր սպասում է գործընթացի շարունակությանը, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և վավերացումը, սահմանների բացումը և տարածաշրջանային տրանսպորտային կապի զարգացումը, ասել է նա։
Փարիզը նաև վերահաստատել է իր աջակցությունը այս գործընթացին՝ հարգելով Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ընթացքը, «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի իրականացումը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
