ԶԼՄ-ն հայտնել է Ծառուկյանին աջակցող ակցիաների մասնակիցների ճնշումների մասին

Իրավապահ մարմինները սկսել են զրույցների կանչել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին աջակցող ակցիաներին մասնակցող քաղաքացիներին, գրում է «Հրապարակ» թերթը։

Ըստ պարբերականի՝ Ծառուկյանի կալանավորումից հետո իրավապահները սկսել են հետաքրքրվել ակցիաների շարքային մասնակիցներով․ նրանցից ոմանց կանչում են բաժիններ կամ այցելում բնակության վայր և պարզում բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառները։

«Հրապարակ»-ի զրուցակիցներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ իրեն նույնպես կանչել են իրավապահները և հարցրել, թե ինչու և ինչ նպատակով է մասնակցում ակցիաներին։

Հուլիսի 7-ին դատարանը Ծառուկյանին երկու ամսով կալանավորել էր։ Փակված ձեռնարկությունների աշխատակիցները հուլիսի 13-ից պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը։ Ակցիաներին մասնակցել են «Մուլտի Սթոուն», «Մուլտի Տաբակ», «Մուլտի Գրանդ», «Մուլտի Ռեստ Հաուս», «Օլիմպավան», Euro Motors և այլ ընկերությունների աշխատակիցներ։ Մասնակիցները հայտարարել են, որ ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման հետևանքով հազարավոր աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի։

Leave a Comment