Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս իրավիճակի վերաբերյալ։
ԵՀԽ-ի կենտրոնական կոմիտեի մոդերատոր, եպիսկոպոս դոկտոր Հենրիխ Բեդֆորդ-Շտրոմը և ԵՀԽ գլխավոր քարտուղար, պրոֆեսոր դոկտոր Ջերի Փիլլեյը խոր մտահոգություն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող ներկայիս իրավիճակի վերաբերյալ։
«WCC-ն, որպես եկեղեցիների համաշխարհային միություն, հաստատում է Հայ առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում և ավելի լայն քրիստոնեական ընտանիքում։ Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անտեղի միջամտության վերաբերյալ», – ասել են Բեդֆորդ-Շտրոմը և Փիլլեյը։
Բեդֆորդ-Շտրոմը և Փիլլեյը հույս են հայտնել, որ հակամարտությունը կլուծվի այնպես, որ կնպաստի ամբողջ հայ ժողովրդի բարգավաճմանը։ Նրանք հավելել են, որ աջակցում են «Հայ եկեղեցուն և նրա ժողովրդին այս ժամանակահատվածում»։
Ավելի վաղ Հայաստանում և Սփյուռքում գործող քաղաքական, հասարակական ու եկեղեցական կառույցները դատապարտել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումն ու դատական գործընթացը՝ այն գնահատելով որպես Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը պետական միջամտություն և կրոնական ազատության ու սահմանադրական երաշխիքների խախտում։
ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ ժամանակ կաթողիկոսի նկատմամբ կիրառվել էր նաև բացակայելու արգելք, որը դատարանն ապրիլի 10-ին վերացրել էր։
Հուլիսի 27-ին դատախազը հաստատել էր Գարեգին Բ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
