Իտալիան հայտնել է, թե երբ կվերականգնի Շենգենի գործողությունը Իսպանիայի հետ

Իտալիան կվերականգնի Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողությունը, երբ ազգային անվտանգությանը սպառնալիք այլևս չլինի։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզին՝ արձագանքելով Իսպանիայի կառավարության հայտարարությանը, թե Հռոմը մինչև օգոստոսի 9-ը չչեղարկի սահմանափակումները, Մադրիդը կդիմի պատասխան քայլերի։

«Այս միջոցը կչեղարկվի, երբ ազգային անվտանգությանը սպառնալիք այլևս չլինի։ Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցումը ժամանակավոր քայլ է, որը նախատեսված է ԵՄ համաձայնագրերով։ Կտեսնենք, թե ինչ իրավիճակ կլինի օգոստոսի 15-ից հետո»,- ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ Իսպանիայի հատուկ ծառայությունները զգուշացնում են՝ Մարոկկոյից դեպի Սեուտա միգրանտների նոր հոսքը կարող է կրկնվել։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի գրասենյակից ևս հայտարարել են, որ «Իտալիան ազգային անվտանգության և սահմանների վերահսկողության հարցերում արտասահմանից ներկայացվող վերջնագրեր կամ ցուցումներ չի ընդունում»։

Հայտարարության համաձայն՝ կառավարությունը առնվազն մինչև օգոստոսի 15-ը չի պատրաստվում վերանայել Իսպանիայից ժամանող երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցման որոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում այն կպահպանվի մինչև Իտալիայի անվտանգության և ահաբեկչական սպառնալիքների ամբողջական վերացումը։ Միաժամանակ նշվում է, որ սահմանային վերահսկողությունը չի տարածվում Իտալիայի սահմանը օդային և ծովային ճանապարհով հատողների վրա։

Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր ապօրինի միգրանտներ լողալով կամ ալիքախախտը շրջանցելով՝ ոտքով հասել էին Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաք, որը սահմանակից է Մարոկկոյին։ Ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները քաղաքում անվտանգության ապահովման համար ներգրավել էին նաև զինվորականներին։ Իսպանիայի կառավարության տվյալներով՝ Սեուտա հասնելու փորձի ընթացքում զոհվել է առնվազն 75 մարդ, մինչդեռ Մարոկկոյի իշխանությունները հայտնել են 11 զոհի մասին։

Leave a Comment