Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճումներ ունեցող քաղաքացիների ազատման կարգում։ Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունմամբ և գործող կարգավորումները նոր օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ:
Խնդիրները և կարգավորման նպատակը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, մասնավորապես՝ կարգի կիրառման իմաստով բացառիկ դեպք է համարվում՝ «գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները.»: 2025 թվականի սեպտեմբերի 11-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենք, որով նոր կարգավորումներ են ստացել գիտական գործունեությունը կարգավորող հարաբերությունները:
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ սահմանված կարգավորումները համապատասխանեցնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կարգավորումներին:
Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվի կրթության և գիտության ոլորտներում բացառիկ դեպքերի հասկացությունը և կհամապատասխանեցվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի պահանջներին:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է 2022 թվականի նոյեմբերի 16-ի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 6-րդ ենթակետի «ժ» պարբերությունից: