Ֆուտբոլիստների համաշխարհային արհմիությունը (Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա՝ FIFPRO) պաշտոնական հայտարարությամբ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոյին մեղադրել է լիազորությունները չարաշահելու մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինֆանտինոն մասնավոր ներդրողների հետ գաղտնի քննարկել է աշխարհի առաջնության անցկացման իրավունքների մի մասը ՖԻՖԱ-ից օտարելու և մասնավոր բիզնեսին վաճառելու ծրագիրը։ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, որ եվրոպական հավաքականները կբոյկոտեն աշխարհի առաջնությունը, եթե այդ նախագիծը կյանքի կոչվի։
«Ֆուտբոլիստների սերունդների կողմից կայացրած աշխարհի առաջնության սեփականության և կառավարման կառուցվածքի փոփոխության ծրագիրը մշակվել է գաղտնի, քննարկվել է փակ դռների հետեւում, գրեթե համաձայնեցվել էր նախքան ՖԻՖԱ-ի Խորհուրդը, ազգային ասոցիացիաները, ֆուտբոլիստներն ու մյուս կողմերը տեղեկացան դրա գոյության մասին։ Դա ընդամենը կառավարչական սխալ չէ։ Դա նախագահի լիազորությունների աղաղակող չարաշահում է»,- նշվում է FIFPRO-ի հայտարարությունում։
Օգոստոսի 5-ին Ռաբատում տեղի ունեցած Գործադիր կոմիտեի նիստից հետո ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ աշխարհի առաջնության անցկացման իրավունքի վաճառքի նախագիծը հանվել է օրակարգից։