Բուսասանիտարական ապրանքների վարակազերծման համար լիցենզիա կպահանջվի

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով Կառավարությունը նախատեսում է սահմանել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման կարգը։ Նախագծով կսահմանվեն լիցենզիա ստանալու պայմանները, մասնագիտական և տեխնիկական պահանջները, ինչպես նաև անվտանգության ու վերահսկողության մեխանիզմները։

«Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է ՀՀ վարչապետի 2026 թվականի ապրիլի 30-ի «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 372-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։

 «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-74-Ն օրենքի և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-75-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենքներ) ընդունմամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությունը սահմանվել է որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։

Օրենքներով նախատեսված իրավակարգավորումների գործնական կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու պայմանները, լիցենզավորվող անձանց ներկայացվող մասնագիտական, տեխնիկական և կազմակերպական պահանջները, ինչպես նաև լիցենզավորման ընթացակարգը։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների նկատմամբ վարակազերծման ծառայությունների մատուցման ոլորտում պատշաճ մասնագիտական կարողությունների, տեխնիկական հագեցվածության և անվտանգության պահանջների ապահովման անհրաժեշտությամբ։

Առկա իրավիճակը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման կարգը, ինչպես նաև տվյալ գործունեությունն իրականացնող անձանց մասնագիտական և տեխնիկական կարողությունների գնահատման և վերահսկողության միասնական իրավական մեխանիզմները։

Այս հանգամանքը գործնականում կարող է հանգեցնել ոչ պատշաճ վարակազերծման, բուսասանիտարական ռիսկերի բարձրացման, վնասակար օրգանիզմների տարածման, ինչպես նաև արտահանման գործընթացներում լրացուցիչ խոչընդոտների առաջացման։

Միաժամանակ, վարակազերծման գործունեությունը, հատկապես քիմիական և ճառագայթային մեթոդների կիրառման դեպքում, անմիջականորեն առնչվում է մարդու առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության և տեխնիկական անվտանգության հարցերին, ինչը պահանջում է պետական վերահսկողության բարձր մակարդակ։

 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է սահմանել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիցենզավորվող անձանց ներկայացվող պարտադիր պայմաններն ու պահանջները, ինչպես նաև լիցենզիայի տրամադրման, երկարաձգման, վերաձևակերպման և վերահսկողության ընթացակարգերը։

Նախագծով սահմանվում են վարակազերծման քիմիական և ֆիզիկական մեթոդներով գործունեություն իրականացնող անձանց համար մասնագիտական պատրաստվածության, համապատասխան աշխատանքային փորձի, ստուգիչ-չափիչ սարքավորումների, տեխնոլոգիական հրահանգների, չափագիտական հավաստագրման, տեխնիկական անվտանգության և անհատական պաշտպանության միջոցների պարտադիր պահանջներ։

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է ապահովել միջազգային և ազգային տեխնիկական նորմատիվ փաստաթղթերին համապատասխան գործունեության իրականացում՝ ներառյալ Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի շրջանակներում ընդունված ստանդարտները և տեխնիկական նորմատիվ այլ փաստաթղթեր։

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման և բույսերի հիվանդությունների ու վնասակար օրգանիզմների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ սահմանված քաղաքականությունից։

Նախագծի ընդունումը կնպաստի բուսասանիտարական վերահսկողության համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդմանը, վարակազերծման գործունեության ոլորտում միասնական չափանիշների ներդրմանը և ոլորտում պատասխանատու գործունեության ապահովմանը։

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը պետական ծախսերում փոփոխություններ կամ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի առաջացնում։ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է բյուջեի եկամուտներում ավելացում, քանի որ օրենսդրությամբ սահմանված գործունեության տեսակի լիցենզավորման համար նախատեսված է պետական տուրքի վճարում։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման հստակ ընթացակարգ և լիցենզավորման պարտադիր պայմաններ, կապահովվի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց մասնագիտական պատրաստվածության, տեխնիկական հագեցվածության և անվտանգության պահանջների նկատմամբ պետական վերահսկողությունը։

Նախագծի ընդունումը կնպաստի բուսասանիտարական վարակազերծման ծառայությունների որակի բարձրացմանը, կարանտին վնասակար օրգանիզմների տարածման կանխարգելմանը, հանրապետությունում կայուն բուսասանիտարական իրավիճակի ապահովմանը և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բուսական արտադրանքի նկատմամբ միջազգային վստահության բարձրացմանը։

Leave a Comment