Զինծառայողներին առնչվող դեպքով 2 անձի նկատմամբ քրհետապնդում է սկսվել. ՔԿ

Երևանում գործող հանցավոր խմբի կողմից զոհված զինծառայողների ընտանիքի անդամներից և պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով 2 անձի նկատմամբ հայտարարվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել են Քննչական կոմիտեից։

Ըստ կոմիտեի՝ «Զինվորի կողքին» հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա. Թ.-ն զինծառայողների օգնելու նպատակով իրականացրել է իբր պետական և բարեգործական կառույցների հետ համագործակցության գործունեություն։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ Պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող Տ. Ղ.-ն, ծառայության բերումով շփվելով վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և մահացած զինծառայողների ընտանիքի անդամների հետ, վերջիններիս ներկայացրել է իրականության չհամապատասխանող տեղեկություններ պետական և բարեգործական ծրագրերի առկայության վերաբերյալ։ Նա նրանց ուղղորդել է Ա. Թ.-ի մոտ՝ ապահովելով նրա կողմից խարդախության իրականացումը։

Հանցավոր խումբը, ըստ քննության, կեղծ տեղեկություններ է ներկայացրել, թե իբր «Իմ քայլը» և «Զինապահ» հիմնադրամներից, ինչպես նաև պետական և միջազգային աջակցության ծրագրերից հնարավոր է ստանալ մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ նախապես վճարվի որոշակի գումար՝ որպես «միջնորդավճար», «գործընթացն արագացնելու վճար», «հաստատման վճար» կամ այլ անվանումներով։

Քննչական կոմիտեի վարկածով՝ այս եղանակով մեղադրյալները 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներից և պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից հափշտակել են ընդհանուր 13 մլն 880 հզր դրամ։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, Տ.Ղ.-ն կալանավորվել է, իսկ Ա.Թ.-ի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է տնային կալանք։

Leave a Comment