Կաթողիկոսի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել․ Զոհրաբյան – armeniatoday.am

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սրբազան հայրերի վերաբերյալ գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել, լրագրողներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի փոխանցմամբ՝ Մանուկյանը նախկինում հանդիսացել է փաստաբան, և նրա ուսումնառության ու արտոնագրման փուլում արտոնագիրը հանձնել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ իրավական առումով դա բացարկի պարտադիր հիմք չէր, սակայն դատավորը, հնարավոր կասկածներից խուսափելու համար, որոշել է ինքնաբացարկ հայտնել։

«Ողջունում եմ իր քայլը այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին։ Դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ արդեն իսկ կաշկանդող հանգամանք է»,- նշել է փաստաբանը։

Նիստին ներկա էին դատախազության ներկայացուցիչները և տուժող Արման Սարոյանը։ Փաստաբանը նաև ընդգծել է, որ տուժողը դատարանի դահլիճ է մուտք գործել դատավորի համար նախատեսված մուտքով, ինչն, ըստ նրա, անթույլատրելի է։

Գործը մակագրվելու է մեկ այլ դատավորի, որը նոր նիստ կնշանակի։ Եթե նոր դատավորը բացարկի կամ ինքնաբացարկի հիմքեր չունենա, գործի քննությունը կշարունակվի նրա կողմից։

Զոհրաբյանը պնդել է, որ հոգևորականներին իրենց կանոնական լիազորությունների իրականացման համար մեղադրելն արգելված է ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքով։

Կանոնական ուխտ. Փաստաբանը նշել է, որ ցանկանում էր դատարանին ներկայացնել տուժողի ուխտադրության փաստաթուղթը, որով վերջինս երդվել էր ենթարկվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Զոհրաբյանի խոսքով՝ վերջին 100 տարվա ընթացքում Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նման ճնշում չէր եղել՝ սկսած 1930-ական թվականներից (Խորեն Ա Մուրադբեկյանի ժամանակաշրջանից)։

Leave a Comment