Բացահայտ անարգանք․ Տեր Եսային՝ կաթողիկոսին աշխարհիկ անունով կոչելու մասին

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով հանրային խոսքում հոգևորականներին ավազանի (աշխարհիկ) անուններով կոչելու երևույթին։ Նրա գնահատմամբ՝ դա պարզապես անքաղաքավարություն չէ, այլ բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ Եկեղեցու, հոգևոր կոչման և հավատացյալների նկատմամբ։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 7-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Կաթողիկոսին աշխարհիկ անունով դիմելը չի կարող «կարմիր գիծ» համարվել կամ վիրավորանք լինել։

Տեր Եսայի քահանա Արթենյանը հիշեցրել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնական կարգն ու հազարամյա ավանդույթը։

Նրա պարզաբանմամբ՝ ձեռնադրության և օծման Սուրբ խորհրդով հոգևորականը հրաժարվում է աշխարհիկ կյանքից և իր ավազանի անունից՝ վերածնվելով որպես Քրիստոսի և Եկեղեցու սպասավոր։

Հոգևորականի խոսքով՝ ձեռնադրության ժամանակ տրված նոր անունը նոր հոգևոր ինքնության, Աստծուն նվիրումի և հոգևոր սպասավորության կնիքն է։

Արթենյանը նաև առանձնացրել է մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է հոգևորականին ավազանի անունով միտումնավոր կոչելն անընդունելի։

«Հոգևորականին միտումնավոր ավազանի անունով կոչելը կամ հանրային խոսքում այդպես հիշատակելը բացահայտ անհարգալից վերաբերմունք է Եկեղեցու Սուրբ խորհրդի, հոգևոր կոչման և հավատացյալ ժողովրդի նկատմամբ»,- շեշտել է նա։

Նրա խոսքով՝ նման պահվածքը խոսում է ոչ թե հոգևորականի, այլ նման արտահայտություններ թույլ տվողի բարոյական կերպարի և տարրական բարեկրթության բացակայության մասին։ Հանրային խոսքը ենթադրում է տարրական բարեկրթություն և անձի հոգևոր կոչումը հարգելու անհրաժեշտություն, ընդգծել է Արթենյանը։

«Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները խոսում են ոչ թե «համարձակության», այլ մարդու բարոյական սնանկության մասին։ Հարգանքը հոգևոր արժեքների հանդեպ մեր հասարակության հայելին է. մի՛ կոտրեք այդ հայելին՝ սեփական անգրագիտությունն ու չարությունը քողարկելու համար»,- եզրափակել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Leave a Comment