Պետդումայի ընտրությունների «փաստական արդյունքները» ի՞նչ ազդակ կլինեն Պուտինի համար

Պետդումայի ընտրությունների «փաստական արդյունքները» ի՞նչ ազդակ կլինեն Պուտինի համար
1in.am Մենք ընտրությունների ենք գնում մարդկային զոհերը դադարեցնելու, նրանց կյանքը պահպանելու՝ կրակի անհապաղ դադարեցման կատեգորիկ պահանջով։ Հենց դա է մեր նախընտրական ծրագրի գլխավոր իմաստը։ Մեր ծրագրում ընդամենը քառասուներեք բառ կա, այս ընտրությունները հարկերի, սակագների, աշխատավարձի կամ թոշակների մասին չէ, այլ՝ մարդկային կյանքի, ազատության և Ռուսաստանի ապագայի։ New York Times-ին հարցազրույցում ասել է ՌԴ նախկին փոխվարչապետ, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին։


 


Նրա գնահատմամբ, պետական դումայի սեպտեմբերին կայանալիք ընտրությունները «փաստացի հանրաքվե» են, որին, հավանաբար կմասնակցի վաթսուն միլիոն մարդ։ «Ցավոք, միայն «Յաբլոկո»-ն է հանդես գալիս հօգուտ Ուկրաինայի հետ կրակի դադարեցման համաձայնագրի, մյուսները պաշտպանում են տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է Յավլինսկին։ Քաղաքական գործիչը համոզված է, որ պետդումայի ընտրությունները «երկու արդյունք կունենան՝ պաշտոնական և փաստացի», և երկրի բարձրագույն ղեկավարությունը «կհամոզվի, թե իրականում ռուսաստանցիների որ մասն է պաշտպանում կրակի դադարեցումը և Ռուսաստանի այն կերպարը, որ առաջարկում է «Յաբլոկո»-ն»։


 


New York Times -ին Յավլինսկու հարցազրույցից հետո «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ ՌԴ ԿԸՀ-ն «պետք է «հատուկ ռազմական գործողության» դեմ հանդես եկող «Յաբլոկո» կուսակցության գրանցումը չեղյալ հայտարարի»։ Ուկրաինական Unian-ը ֆեյսբուքյան պաշտոնական օգտահաշվում գրել է, որ «Յաբլոկո»-ն «անհապաղ զինադադարի քարոզչություն է իրականացնում մի իրավիճակում, երբ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը Բելառուսի և Ղազախստանի նախագահների միջոցով Կրեմլին հասկացրել է, որ զինված հակամարտության սառեցման ժամանակը մոտեցել» է։ Միաժամանակ ուկրաինական թելեգրամ-ալիքները տեսանյութ են հրապարակել, որ պատկերում է Ռուսաստանի «արեւմտյան մարզերից մեկում հյուսիսկորեական զինվորականների տեղաբաշխումը»։ Ըստ այդմ, Ռուսաստանի Հյուսիսային Կերայից «քառասուն բալիստիկ հրթիռ և արձակման վեց կայան է ստացել»։


 


Օգոստոսի 6-ին Չինաստանի Մաքսային գլխավոր վարչությունը ԱՄՆ-ի հետ ընթացիկ տարվա վեց ամիսների ապրանքաշրջանառության մասին տեղեկություններ է հրապարակել։ Ըստ այդմ, այն աճել է 2,3 տոկոսով և կազմել 344,9 միլիարդ դոլար։ Ընդ որում, Միացյալ Նահանգները ներկրել է 257, 85 միլիարդ դոլարի չինական ապրանքներ և Չինաստան արտահանել ընդամենը 87,05 միլիարդ դոլարի ապրանքներ։ Սեպտեմբերի 24-ին , Ռուսաստանի պետական դումայի ընտրություններից չորս օր հետո Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պետական այցով կժամանի ԱՄՆ։


 


Կարելի է ենթադրել, որ Թրամփ-Սի բանակցությունների օրակարգում կլինի նաև ռուս-ուկրաինական զինված հակամարտության «սառեցման» հարցը։ Պետական դումայի ընտրությունների փաստացի արդյունքները ի՞նչ ազդակ կլինեն Վլադիմիր Պուտինի համար։




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment