Մետաղաձուլարանի արտանետումից մինչև եղեգների այրում․ ինչո՞ւ են Արմաշի և Սուրենավանի բնակիչները ահազանգում օդի աղտոտվածության մասին․ «Էկոսֆերա»

Սուրենավան և Արմաշ գյուղերի բնակիչները լուրջ մտահոգված են վերջին շրջանում օդի աղտոտվածության համար։ Զոդի կամրջի հարակից տարածքից ամեն առավոտ՝ ժամը 5:00-8:00-ի սահմաններում, ինչպես նաև ուշ երեկոյան և գիշերային ժամերին, մեծ քանակությամբ թունավոր ծուխ է բարձրանում և տարածվում դեպի բնակավայրեր։

Արդյունքում Սուրենավան գյուղում շնչելը դարձել է դժվար։ Սուրենավանի բնակիչները պահանջում են անհապաղ ուշադրություն դարձնել խնդրին և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ։

«Զոդի կամրջի կողքին հենց մետաղաձուլարանն է, որը Երասխում պիտի կառուցեին, բայց բերեցին այդտեղ կառուցեցին։ Ցերեկը չեն անում, որ շատ աչքի չզարնվի, բայց երեկոյան ժամերին, երբ մթնում է, բաց են թողում, որ չնկատվի։ Բնական է, որ փոշին չի կարող չնկատվել, ծավալը շատ մեծ է»,- ասում է Արմաշ գյուղի բնակիչ Տիգրան Մաթևոսյանը։ Նշում է՝ օդի աղտոտվածության մասով խնդիր կա, ինչի մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։

Անդրադառնալով օդի աղտոտվածության մյուս պատճառներին՝ Մաթևոսյանը բարձրաձայնում է եղեգների համատարած այրման խնդրի մասին։

«Եղեգնուտները գարնանն այրում են, ինչն օդի աղտոտվածության մեծ ծավալ է առաջացնում։ Տեսեք, Երասխից մինչև Մասիս եղեգնուտներ են, հսկա տարածք է, որը վառելով են մաքրում։ Պատկերացրեք՝ հսկա հատվածից եղեգնուտների այրման հետևանքով որքան ծուխ, մոխիր է արտանետվում մթնոլորտ»,— ասում է Մաթևոսյանը։

Ըստ նրա՝ այրելու և բնապահպանական խնդիրներ առաջացնելու փոխարեն կարելի է ուղղակի օգտագործել բրիկետներ (բիովառելիք) պատրաստելու նպատակով, որը ձմռան համար վառելանյութ է։

Leave a Comment