ԱՄՆ-ում խստացվում են միգրացիոն կանոնները, որոնք վերաբերում են երեխայի ծննդով պայմանավորված քաղաքացիության ստացմանը։ ԱՄՆ նախագահը ստորագրել է երկու նոր հրամանագիր, որոնցից առաջինը ուղղված է այսպես կոչված «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ։
Այսուհետ հատուկ ուշադրություն կդարձվի այն հղի կանանց, որոնք ԱՄՆ են ժամանում զբոսաշրջային, ուսանողական կամ աշխատանքային վիզաներով՝ նպատակ ունենալով երեխա ունենալ և նրան ավտոմատ կերպով ամերիկյան քաղաքացիություն տրամադրել։
Եթե իշխանությունները կասկածներ հարուցեն նման մտադրությունների վերաբերյալ, ապա նրանց վիզաները կարող են չեղարկվել, իսկ մուտքը երկիր՝ ընդհանրապես արգելվել։
Երկրորդ հրամանագիրն ընդլայնում է այն օտարերկրացիների շրջանակը, որոնց երեխաները չեն կարողանա օգտվել ԱՄՆ հողում ծնվելու հիմքով քաղաքացիություն ստանալու իրավունքից։ Մասնավորապես, այս սահմանափակումը վերաբերելու է դիվանագետների, օտարերկրյա պետությունների շահերը ներկայացնող այլ անձանց, ինչպես նաև «թշնամական պետությունների» քաղաքացիների երեխաներին։
