Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) մտահոգություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ։
Միության հայտարարության համաձայն՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները և իրականացվող քրեական հետապնդումը, որի հիմքում թեմի ղեկավարմանն առնչվող ներեկեղեցական խնդիր է, լուրջ մտահոգություններ է առաջացնում դավանանքի ազատության և օրենքի գերակայության շուրջ։
«ՀԲԸՄ-ն ամենայն հարգանքով կոչ է անում կասեցնել սույն քրեական վարույթը, որը, մեր համոզմամբ, չունի իրավական հիմք և հակասում է մեր պատմական ավանդույթներին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհրաժեշտության դեպքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել այս իրավիճակի հանգուցալուծման գործում»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀԲԸՄ-ը հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրությունն ու ազգային օրենսդրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում են որպես Ազգային Եկեղեցի, ընդունում նրա ինքնակառավարման իրավունքը և պաշտպանում կրոնական ազատությունը։ Ըստ այդմ, եկեղեցական պաշտոնի համար եպիսկոպոսների համապատասխանությանն առնչվող հարցերը ենթակա են կարգավորման բացառապես Կանոնական իրավունքի և Եկեղեցու կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակներում։
ՀԲԸՄ-ը նաև նշել է, որ հարգում է Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, նրա քաղաքական իշխանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։ Միևնույն ժամանակ,ըստ հաղորդագրության, ՀԲԸՄ-ի հարգանքն անսասան է մնում Հայ Եկեղեցու և Կանոնական իրավունքի ու եկեղեցական կարգի համաձայն ընտրված նրա ղեկավարության հանդեպ, և ՀԲԸՄ-ն ողջ աշխարհում հայապահպանության գործում Եկեղեցու մնայուն դերը համարում է կենսական։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա մայիսից խիստ քննադատության է ենթարկում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը և կոչ անում փոխել կաթողիկոսին։ Հունվարին Փաշինյանը հայտարարել էր ՀԱԵ-ի բարեփոխման համակարգող խորհրդի ստեղծման մասին և ներկայացրել «ճանապարհային քարտեզ»։
Փետրվարին դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ և արգելել նրա ելքը Հայաստանից։ Գործը կապված է նախկինում կարգալույծ արված Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքի հետ։ Հուլիսի 28-ին գործն ուղարկվել էր դատարան։
