Ռուսական կողմը որևէ պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանի իշխանություններից «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ոչ, մենք որևէ պաշտոնական հարցում չենք ստացել կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ, բայց մենք անընդհատ լսում ենք հրապարակային հայտարարություններ այս մասին», – Օվերչուկին մեջբերում է «Ինտերֆաքսը»։
Նա նշել է, որ Ռուսաստանը կողմ է բոլոր հարցերը խորհրդակցությունների և երկխոսության միջոցով լուծելուն՝ լիովին հանգիստ եղանակով, և պատրաստ է «շարունակել աշխատանքը և կոնցեսիոն պայմանագրի երկարաձգումը Հայաստանում»։
Օվերչուկի խոսքով՝ առաջարկներ են արվել առանձին հատվածների վերաբերյալ, որոնք հայկական երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են կազմում։ «Մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է մեկ երկաթուղային կոճը բաժանել մյուսից, բայց նման մտքեր են պտտվում», – հայտարարել է նա։
Նշելով, որ հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշումներ է կայացրել՝ աջակցելով Նախիջևանի հետ սահմանին և Շիրակում հայկական երկաթուղու երկու փոքր հատվածների վերակառուցմանը, Օվերչուկը հայտարարել է այդ հատվածները վերականգնելու և համապատասխան բանակցություններ վարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։
«Սակայն հետաքրքիր է, որ հենց որ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց այս երկու շատ կարևոր երկաթուղային հատվածների վերականգնմանը մասնակցելու իր պատրաստակամության մասին, որոնք իսկապես կապահովեն հայկական երկաթուղիների կապը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, բառացիորեն հաջորդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային, իբր, զրկում է Հայաստանին երկաթուղու զարգացման առումով որոշ մրցակցային առավելություններից», – գործակալությունը մեջբերում է Օվերչուկի խոսքերը:
Փետրվարին Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունները քննարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երրորդ երկրին փոխանցելու հարցը: Հնարավոր տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը:
Ավելի ուշ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է «Ռուսական երկաթուղիներից» պահանջել տարեկան 2 մլրդ դոլար վճար «Հարավկովկասյան երկաթուղու» օգտագործման համար, եթե ընկերությունը չհրաժարվի կոնցեսիայից: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ՀԿԵ-ն համարում է իր սեփականությունը և պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է համարում։
