Մատվիենկոն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ՀՀ-ում ռուսաստանցիների ձերբակալություններին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ Մատվիենկո ուշադրություն է հրավիրել երրորդ երկրների հարցումներով Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների համակարգված ձերբակալությունների վրա՝ նշելով, որ եթե այդ պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին հորդորել չայցելել Հայաստան։

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ-ից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցերի։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են և կարևորել խնդրի կարգավորումը՝ երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում։

Քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի՝ առարկայական փուլ մտնելուց հետո։

Զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու բաց երկխոսությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման և երկկողմ օրակարգի հարցերի շուրջ փոխըմբռնման ամրապնդման նպատակով։

 

Leave a Comment