Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով Հայաստանում նախատեսվում է արդիականացնել հանրակրթական դպրոցների նախագծման շինարարական նորմերը։ Նախագծով առաջարկվում է վերանայել դպրոցների հարկայնության, դասասենյակների կահավորման, սովորողների թվաքանակի, կանաչապատման և անվտանգության պահանջները՝ դրանք համապատասխանեցնելով գործող քաղաքաշինական չափանիշներին։
Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է հանրակրթական հաստատությունների կառուցման/վերակառուցման նախագծերում շենքերի հարկայնության, հիմնական ուսումնական սենքերում կահավորանքի և անցումների միջև հեռավորությունների, տարածքի կանաչապատման և անհրաժեշտ բնակլիմայական միջավայրի փոփոխության հետ կապված միջոցառումների ապահովման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերում ներկայումս առկա են կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում վերջին տարիներին ընդունված քաղաքաշինական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին։
Անհրաժեշտ է գործող նորմերը համապատասխանեցնել ՀՀՇՆ 33-05-2026 «Ավտոկայանատեղեր», ՀՀՇՆ 30-01-2023, ՀՀՇՆ 20.04-2020 և հանրակրթական օբյեկտների անվտանգությանն առնչվող այլ գործող նորմերին։ Միաժամանակ անհրաժեշտ է հստակեցնել դասասենյակներում սովորողների թվաքանակի, սենքերի կահավորման, անցումների և տեսանելիության պահանջները, ինչպես նաև բազմահարկ հանրակրթական շենքերի նախագծման պայմանները՝ հաշվի առնելով սեյսմիկ վտանգավորությունը, տարհանման հնարավորությունները և հողամասային սահմանափակումները։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է արդիականացնել հանրակրթական նշանակության շենքերի նախագծման նորմատիվ պահանջները, ապահովել դրանց համապատասխանությունը գործող քաղաքաշինական և շինարարական նորմերին, ինչպես նաև ստեղծել առավել ճկուն և արդյունավետ պայմաններ կրթական հաստատությունների նախագծման համար։
Նախագծով նախատեսվում է վերանայել հանրակրթական հաստատությունների տարողունակության, դասարաններում սովորողների թվաքանակի, տարածքների կանաչապատման, ուսումնական սենքերի կահավորման և անցումների պահանջները, ինչպես նաև գործող նորմերում ներառված հղումները համապատասխանեցնել նոր ընդունված նորմատիվ փաստաթղթերին։
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական փոփոխություններ չեն առաջանում:
Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքէջերում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք՝ Հոդված 10.1, 3-րդ մասի կետեր 5 և 5.1․
– օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.
– հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը:
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում՝ հավելված 1, կետ 13.
Նշված հիմնական ուղղությունների համար անհրաժեշտ գործողությունների համախումբը կամ նախապայմանը հետևյալն է՝
1) ոլորտի օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հանրակրթական նշանակության օբյեկտների (կառուցվող, վերակառուցվող) նախագծային լուծումների արդյունավետության, անվտանգության և ֆունկցիոնալ կազմակերպման մակարդակի բարձրացում։
Միաժամանակ կբարելավվեն կրթական միջավայրի հարմարավետության և անվտանգության պայմանները, կապահովվի գործող նորմատիվ փաստաթղթերի միջև միասնական և փոխկապակցված կարգավորումների կիրառումը, ինչպես նաև կնպաստվի հանրակրթական հաստատությունների ժամանակակից նախագծային մոտեցումների ներդրմանը։