Կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ դիմում չենք ստացել.Օվերչուկ

Կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ դիմում չենք ստացել.Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմումներ չի ստացել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ, հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ոչ, կոնցեսիայի դադարեցման վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չենք ստացել, սակայն հանրային դաշտում մշտապես լսում ենք այդ մասին հնչող հայտարարություններ»,-Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Օվերչուկը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է բոլոր հարցերը հանգիստ մթնոլորտում՝ խորհրդակցությունների և երկխոսության միջոցով լուծելուն։

«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը և շարունակել կոնցեսիոն գործունեությունը Հայաստանում», – նշել է նա։

Օվերչուկի խոսքով՝ քննարկվում են առաջարկներ երկաթուղու առանձին հատվածների վերաբերյալ, որոնք Հայաստանի երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են։

«Մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է մեկ երկաթուղային հատվածն առանձնացնել մյուսից, բայց նման մտքեր շրջանառվում են», — հավելել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ ներկայում դժվար է գնահատել, թե ինչպես կիրականացվի Հայաստանի երկաթուղիների կապը արտաքին աշխարհի հետ՝ առանց Ռուսաստանի երկաթուղային համակարգի հետ փոխկապակցվածության։

«Սակայն սա մասնագիտական, փորձագիտական քննարկման թեմա է», -եզրափակել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Leave a Comment