Ովքեր են խաղային գործունեության կարգավորման նոր օպերատորի սեփականատերերը

Այսօր՝ օգոստոսի 6-ի նիստում Կառավարությունը հավանություն տվեց խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանելու մասին որոշման նախագծին։ 

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խաղային գործունեության կարգավորման օպերատոր է համարվում այն իրավաբանական անձը, որի հիմնադիրը, մասնակիցը, փայատերը կամ բաժնետերը միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից մրցութային կարգով ընտրվել է, ստեղծել է առանձին առևտրային կազմակերպություն, և այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է որպես օպերատոր։

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը սահմանում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործառույթները։ Դրանք 24-ն են՝ օպերացիոն վկայագրերի տրամադրում, երկարաձգում, դադարեցում, խաղային գործունեության շուկայի մոնիտորինգ և այլն։

Օպերատոր ընտրելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Մալթայում գրանցված «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, ֆրանսիական «Շարփ վիզիոն» պարզեցված բաժնետիրական ընկերությունը և մալթական և ռուսական «Սթեյբլ սոֆթվեր սոլուշնս», «ՌԲ» և «Այնյուս» ՍՊԸ-ների կոնսորցիումը։

Մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն (Random Systems International LIMITED)։ Ընկերության տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման հանրագումարային ամփոփ արդյունքը կազմել է 73.025 միավոր։

Կառավարության նիստում հարցը զեկուցող ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանն ասաց, որ այս ընկերությունն ունի համապատասխան փորձ և նույնանման գործառույթ է իրականացնում նաև Վրաստանում՝ հանդիսանալով խաղային գործունեության կարգավորման օպերատոր:

«Նշեմ, որ այս մասնավոր գործընկերոջ հետ մեր նպատակն է ստեղծել ժամանակակից թվայնացված և արդյունավետ կարգավորման մեխանիզմ և վերահսկողության գործիքակազմ՝ մասնավորապես երեք ուղղությամբ: Առաջինը՝ ապահովել իրական ժամանակում խաղադրույքների մոնիտորինգ, երկրորդը՝ սահմանել և կիրառել քաղաքացիների խոցելի խմբերի, հանրային ծառայողների, համայնքային ծառայողների, մի շարք այլ խմբերի՝ խաղերին մասնակցության սահմանափակումներ, ինչպես նաև՝ կիրառել այդ սահմանափակումները թվային միջավայրում և սահմանել արդար և պատասխանատու խաղի կանոններ»,- ասաց Հակոբյանը:

«Ինչ տեղի է ունենալու խաղային ոլորտում, այդ ամբողջ համակարգը գործելու է պլատֆորմի միջոցով, այսինքն՝ խաղադրույք կատարել, շահում ստանալ և այդպես շարունակ: Մենք առաջինը ստվերն ենք բացառելու, երկրորդը՝ այն պարագայում, երբ մարդկանց սահմանափակումներ ենք դնում, որ չեն կարող խաղադրույք կատարել, այդ սահմանափակումները կիրառելու ենք, քանի որ այն սահմանված է, բայց շատ դեպքերում մենք չենք կարողանում կիրառել այդ գործիքը չունենալու պատճառով: Երրորդն այն է, որ որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու: Ընդհանուր առմամբ դաշտն ավելի թափանցիկ ենք դարձնելու»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ստվերը կրճատելու ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվել և հասել են եզրափակիչ փուլին:

Վարչապետը նշեց՝ 2027 թ. հունվարի 1-ից կունենանք նոր համակարգ, որը կլուծի բազմամյա այս պրոբլեմը։

Նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել ապահովել օպերատորի հետ պայմանագրի կնքումը։

Մրցույթում հաղթելուց հետո «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն Հայաստանում հիմնադրել է «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» ՍՊԸ-ն։ Այն պետական գրանցում է ստացել հուլիսի 15-ին։ Ընկերության տնօրենը Մարկո Փեյսն (Marco Pace) է։

«Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի սեփականատերերը երկուսն են՝ «Savoir Consulting» և «Argentum Holding Limited» ընկերությունները։ Իսկ տնօրենը Մարկ Գալեան է (Marc Galea)։

«Savoir Consulting» ՍՊԸ-ն գրանցված է Բուլղարիայում՝ Վառնա քաղաքում։ Ընկերության իրական շահառուն ազգությամբ վրացի Գիորգի Չելիձեն է (Giorgi Chelidze)։

Իսկ «Argentum Holding Limited» ընկերությունը գրանցված է Մալթայում։ Ընկերության միակ սեփականատերը և տնօրենը Մարկ Գալեան է (Marc Galea)։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment