Ո՞վ է կանգնած ԱՄՆ ջրամատակարարման համակարգերի դեմ կիբերհարձակումների հետևում

Ո՞վ է կանգնած ԱՄՆ ջրամատակարարման համակարգերի դեմ կիբերհարձակումների հետևում

BBC-ն գրու է, որ ԱՄՆ-ում ջրամատակարարման տասնյակ համակարգեր վերջին օրերին ենթարկվել են համակարգված կիբեռհարձակումների։ Հուլիսի վերջին Մինեսոտայի իշխանությունները հայտնել են, որ թիրախավորվել է ավելի քան 30 ջրամատակարարման համակարգ, իսկ դրանից հետո Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) նախազգուշացրել է, որ նմանատիպ հարձակումներ գրանցվել են առնվազն յոթ նահանգում։

Նյու Ջերսիի, Ջորջիայի, Հարավային Դակոտայի և Յուտայի իշխանությունները ևս հայտնել են նման միջադեպերի մասին։ Որոշ դեպքերում հարձակումները խափանել են ջրամատակարարման օբյեկտների աշխատանքը։

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների պաշտպանության գործակալությունը (CISA) ուսումնասիրում է Իրանի հնարավոր ներգրավվածությունը, թեև պաշտոնական հաստատում դեռ չկա։ BBC-ի հետ զրուցած կիբեռանվտանգության մասնագետների մեծ մասը, սակայն, Իրանը համարում է գլխավոր կասկածյալը՝ հաշվի առնելով թե՛ նրա տեխնիկական հնարավորությունները, թե՛ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։

Միևնույն ժամանակ, քննիչները չեն բացառում նաև մեկ այլ վարկած. հաքերները կարող էին դիտավորյալ ներկայանալ որպես իրանական խումբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունն ավելի խորացնելու նպատակով։

ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին խորհրդական Մորգան Ռայթի խոսքով՝ հարձակումների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել, քանի որ ոչ մի նահանգ լիովին պաշտպանված չէ։

Ներքաղաքական մակարդակում միջադեպը դարձել է փոխադարձ մեղադրանքների պատճառ։ Նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատվությունը բարդել է Մինեսոտայի իշխանությունների վրա, մինչդեռ նահանգապետ Թիմ Ուոլզը հայտարարել է, որ նախագահը գիտի իրական պատասխանատուներին և տեղյակ է, որ հարձակումները տարածվել են նաև այլ նահանգներում։

Իրանը մինչ այժմ չի մեկնաբանել դեպքերը։ Թեհրանը նախկինում ևս բազմիցս հերքել է ԱՄՆ-ի կողմից իրեն վերագրվող կիբեռհարձակումների մասնակցությունը։

Փորձագետների կարծիքով՝ նման հարձակումների գլխավոր նպատակը ոչ միայն ենթակառուցվածքների աշխատանքը խաթարելն է, այլև հասարակության վստահությունը պետության նկատմամբ թուլացնելը։ Նրանք զգուշացնում են, որ ապագայում հաքերները կարող են փորձել ազդել նաև ջրի մաքրման գործընթացների, քիմիական նյութերի դոզավորման կամ ամբողջ ջրամատակարարման վրա։

ԱՄՆ Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների պաշտպանության գործակալությունը (CISA) և Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (EPA) արդեն հայտարարել են, որ ջրամատակարարման համակարգերի դեմ կիբեռհարձակումները լուրջ սպառնալիք են ազգային ենթակառուցվածքների անվտանգության համար։

 

 

Leave a Comment