Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները «դիվերսիֆիկացիա» եզրույթի ներքո, իր պնդմամբ, իրականացնում են շրջադարձ եվրասիական ինտեգրումից և Ռուսաստանից դեպի Եվրոպական միություն։
«Պետք չէ հասկացությունները փոխարինել, որովհետև, եթե «դիվերսիֆիկացիա» գեղեցիկ բառի ետևում թաքցվի շրջադարձը եվրասիական ինտեգրումից և ավանդական դաշնակցից դեպի, ըստ էության, Ռուսաստանին բացահայտ թշնամաբար տրամադրված Եվրոպական միություն, որը լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ ուղղակի բախման հնարավորությունը, ապա այստեղ, ըստ էության, հետևությունն ակնհայտ է», — ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆադեևը՝ մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները։
Նա դա անվանել է բացահայտ խաբեություն նախ միայն եվրասիական ինտեգրման գործընկերների, այլև հենց Հայաստանի բնակչության նկատմամբ. Ֆադեևի խոսքով՝ դեպի Եվրոպա նման «թռիչքի» սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են հայ քաղաքացիներից, իսկ արտահանման հետ կապված ընթացիկ դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի ինչ-որ սահմանափակումներ։
«Սրանք մեր սահմանափակումները չեն, սա այն իրականությունն է, որն սպասում է հանրապետությանը ավանդական կապերի խզման դեպքում», — ընդգծել է դիվանագետը։
Ֆադեևը հավելել է, որ Երևանի կողմից Արևմուտքի երկրների հետ փոխգործակցության մասին ստորագրված հռչակագրերը իրավաբանորեն պարտադիր չեն, ի տարբերություն ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի զանգվածի։
Նա հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցում «սևով սպիտակի վրա» նշում էր, որ հանրապետությունը Արևմուտքի համար «ցածր ծախսատարությամբ ձեռնարկություն» է։