Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը դրամատիկորեն նվազում է. 2026 թվականին այս ցուցանիշը 2025 թվականի համեմատ նվազել է 2/3-ով և կշարունակի նվազել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր: Մենք վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանի մեր գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր գոյություն ունեն, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկերը», – նշել է ՌԴ պաշտոնյան։
Օվերչուկը հայտնել է, որ 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ 12 միլիարդ դոլարի, սակայն 2025 թվականին այն նվազել էր մինչև մոտ 8 միլիարդ դոլար:
«Այս տարի տեղի է ունենում ապրանքաշրջանառության դրամատիկ անկում՝ 2025 թվականի համեմատ այն կրճատվել է մոտ 2/3-ով։ Իրավիճակն այնպիսին է, որ, ակնհայտորեն, այն դեռ շարունակելու է նվազել»,- արձանագրել է Օվերչուկը:
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հուլիսի վերջին հրապարակված տվյալներով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն կարող է բախվել տնտեսական խոր ճգնաժամի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուլիսի 28-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ հայկական կողմի, քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները և երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրները։ Փաշինյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել դեպի ՌԴ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները կարգավորելու համար, ինչպես նաև հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո։
Զրույցը տեղի է ունեցել դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումների և Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման կուրսի շուրջ Մոսկվայի ու Երևանի տարաձայնությունների ֆոնին։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից սահմանափակվել էր նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։
