Հայաստանում խաղային գործունեության կարգավորման օպերատոր կդառնա Մալթայում գրանցված «Random Systems International Limited» ընկերությունը, որը բաց մրցույթի հաղթող է ճանաչվել, հայտնել է ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը։
Հեռարձակումը վարել է Armenia Today-ը իր YouTube ալիքում։
Մրցույթին մասնակցել է երեք օտարերկրյա կազմակերպություն։ Հակոբյանի խոսքով՝ հաղթող ընկերությունն ունի համապատասխան փորձ և նույնանման գործառույթներ է իրականացնում նաև Վրաստանում։
Նոր թվային համակարգը հնարավորություն կտա իրական ժամանակում վերահսկել խաղադրույքները, շահումները և ֆինանսական հոսքերը, ինչպես նաև կիրառել խաղերին մասնակցելու սահմանափակումները։
Համակարգի միջոցով հնարավոր կլինի արգելափակել նաև այն անձանց խաղային հաշիվները, որոնք սեփական դիմումով ցանկանում են հրաժարվել խաղերից։ Այն պետք է նպաստի ոլորտի թափանցիկության և հարկային վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։
Կառավարությունը 2025 թվականի օգոստոսին հաստատել էր խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման կարգը՝ այն ներկայացնելով որպես ոլորտում լիարժեք պետական վերահսկողություն ապահովելու միջոց։
2026 թվականի ապրիլին առցանց շահումով խաղերի կայքերում և հավելվածներում առաջարկվել էր ներդնել ինքնաարգելափակման հնարավորություն։ Նախագծով նախատեսվում էին նաև սահմանափակումներ նպաստառուների, եկամտի այլ աղբյուր չունեցող թոշակառուների և խաղերի պատճառով եկամտի ավելի քան 20%-ը կորցնող անձանց համար։
ՊԵԿ-ի հրապարակած տվյալներով՝ «Random Systems International Limited»-ը մրցույթի հաղթող էր ճանաչվել հուլիսի 2-ին։ Հաղթող ընկերությունը Հայաստանում պետք է ստեղծի նոր կազմակերպություն, որի հետ ՊԵԿ-ը նախատեսում է պայմանագիր կնքել 15 տարի ժամկետով։
